ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՐՄՐՈՒԿԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է
11.12.2019 Վերջին օրերին ամենաքննարկվող թեմաներից մեկը Սամոայում կարմրուկի բռնկումն է: Պատվաստումներից հրաժարումները, մի օր անպայման բերելու են բռնկումների: Եթե վարակը մուտք գործի երկիր, հանդիպելու է բոլորին, վարակվելու են բոլոր նրանք, ովքեր պատվաստված չեն կամ պատվաստված են, սակայն ունեն իմունոդեֆիցիտ (ցածր իմունիտետ): Քանի որ կարմրուկը պատվաստումներով կառավարվող ամենավարակիչ (կոնտագիոզ) հիվանդությունն է, ինչքան շատ չպատվաստվածներ լինեն, այնքան կարմրուկի տարածումն ավելի արագ կլինի:
Ինչո՞ւ է կարմրուկ հիվանդությունն այսօր գլուխ բարձրացրել: Պատճառը հակապատվաստումային քարոզն է, որի հիմնական անհիմն փաստարկը պատվաստումից աուտիզմի առաջացումն է, որը, սակայն, վաղուց արդեն հերքված փաստ է:
Սամոայում կարմրուկի տարածման վերաբերյալ մեծաթիվ հոդվածների հրապարակումը ևս մեկ առիթ է իրազեկելու և բարձրացնելու ազգաբնակչության զգոնությունը՝ ամենևին նպատակ չունենալով ազգաբնակչության շրջանում խուճապ առաջացնելու: Համաձայն Սամոայի առողջապահության նախարարության պաշտոնական տեղեկատվության վերջին տվյալների՝ մոտ 200.000 ազգաբնակչությունից 4800-ը վարակվել են կարմրուկով, որոնցից 71 մահվան ելքով, իսկ վերջին շաբաթում յուրաքանչյուր 24 ժամը մեկ մոտ 100-112 նոր դեպք է արձանագրվում, որոնց մեծ մասը մինչև 4 տարեկան երեխաներ են: Երկրում հայտարարված է արտակարգ իրավիճակ, իսկ թվերն անհանգստացնող են ամբողջ աշխարհի համար:
Կարմրուկի տարածումը կասեցնելու նպատակով հոկտեմբեր ամսից Սամոայում իրականացվում են կարմրուկի դեմ համատարած պատվաստումներ չպատվաստված ազգաբնակչության շրջանում և այս ընթացքում արդեն պատվաստվել է նրանց 89-90%-ը: Սակայն պետք է հիշել, որ այսօր պատվաստվողը չի կարող վաղը պաշտպանված համարվել, քանի որ լիարժեք պաշտպանություն առաջանում է պատվաստումից առնվազն 28 օր հետո:
Հայաստանում այս պահին կարմրուկի նկատմամբ կայուն համաճարակաբանական իրավիճակ է, կարմրուկի պատվաստումներում ընդգրկվածությունը ամենաբարձրն է մնացած պատվաստումների համեմատ և երկրում բռնկման վտանգ չկա: Սակայն պատվաստումներից հրաժարումը, հակապատվաստումային ապատեղեկատվության շարունակական տարածումը, օրերից մի օր, միգուցե մի քանի տարի հետո, կարող է դառնալ բռնկման պատճառ նաև մեր երկրում:
Ապրենք առանց «կարմիր դրոշների», առանց հիվանդության վերադարձի ու առանց որևէ մեկին պատժելու:
Հղումներ՝
ԴԻՖԹԵՐԻԱ
08.06.2024Արդյո՞ք այսօր անհրաժեշտ են դիֆթերիայի դեմ պատվաստումները, երբ այս հիվանդությունը հազվադեպ է հանդիպում…
Կարդալ ավելին