ՌԵՍՈՒՐՍՆԵՐ

ՌԵՍՈՒՐՍՆԵՐ

Ինչու է պետք պատվաստվել

Ծնողները հաճախ թյուրիմացության մեջ են ընկնում` համացանցից, լրատվամիջոցներից և սոցիալական ցանցերից ոչ մասնագիտական տեղեկություններ ստանալու արդյունքում: Ստորև ներկայացնում ենք հաճախակի տրվող հարցերը պատվաստումների շուրջ և նրանց մասնագիտական պատասխանները:

Հաճախակի տրվող հարցեր

Շնորհիվ պատվաստումների` երեխան լիարժեքորեն պաշտպանվում է մի շարք վարակներից, որոնք կար¬ող են ունենալ անցանկալի բարդություններ և հետևանքներ։Պատվաստումներն առողջապահության հրաշքներից են։ Վերջին երկու տասնամյակում, դրանց շնորհիվ փրկվել է ավելի քան 20 միլիոն կյանք։ Աշխարհում միայն կարմրուկի բռնկումների ընթացքում ամեն շաբաթ 2-3 երեխա է մահանում։ Պատվաստումներն ամենաապահով, արդյունավետ և անվտանգ առողջապահական միջամտություններից են, որոնք հնարավոր են այսօր: Ի վերջո` պատվաստումների շնորհիվ բար¬ձրանում է բնակչության դիմելիությունը բժշկական օգնության առաջնային օղակ, ինչպես նաև ապահովում է «առողջության իրավունքի» լիարժեք իրա¬կանացումը։

ՈՐՔԱՆՈ՞Վ ԵՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐԸ

Մի քանի խորհուրդներ NCDC, Armenia / Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնից

NCDC, Armenia

ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԸ ԿՅԱՆՔԵՐ ԵՆ ՓՐԿՈՒՄ...

Ամեն տարի ամբողջ աշխարհում պատվաստումներն ավելի քան 2-3 մլն կյանք են փրկում, որոնց շնորհիվ միլիոնավոր մարդիկ ամբողջ կյանքում պաշտպանվում են ինչպես ծանր հիվանդություններից, այնպես էլ հաշմանդամությունից: Ամբողջ աշխարհում, մինչ պլանային պատվաստումների ներդրումը, երեխաների մահվան պատճառների կառուցվածքում վարակիչ հիվանդություններն առաջնային տեղ էին գրավում:

ԻՄՈՒՆԻՏԵՏ

 

        Իմունիտետն օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է: Այն մեր օրգանիզմը պաշտպանում է արտաքին տարբեր ազդակներից, նյութերից, մանրէներից, վիրուսներից և այլ ախտածիններից, ինչպես նաև տարբեր բնույթի թույներից, օտար բջիջներից, նույնիսկ գենետիկորեն վերափոխված սեփական բջիջներից: Անընկալության շնորհիվ օրգանիզմը հայտնաբերում և վնասազերծում է այդ անցանկալի ազդակները։

         Տարբերում են բնական և արհեստական անընկալություն։ Բնական անընկալությունն իր հերթին կարող է լինել բնածին և ձեռքբերովի։ Բնածին բնական անընկալությունը փոխանցվում է ժառանգաբար, սերնդեսերունդ։ Այն տեսակային է, բնորոշ է տվյալ տեսակին պատկանող բոլոր անհատներին։

         Ձեռքբերովի բնական անընկալությունն առաջանում է կյանքի ընթացքում, երբ մարդը բնական ճանապարհով հիվանդանում է այս կամ այն վարակիչ հիվանդությամբ, և որի հարուցիչների նկատմամբ էլ օրգանիզմում առաջանում են համապատասխան հակամարմիններ։  

        Արհեստական անընկալությունն առաջանում է մարդու անմիջական միջամտությամբ։ Այն կարող է լինել ակտիվ և պասիվ։ Ակտիվ արհեստական իմունիտետն առաջանում է, երբ օրգանիզմ են մտցվում տվյալ հիվանդության հարուցչի հակածինները` պատվաստանյութերի ձևով։ Իմունային համակարգն օրգանիզմի հզոր պաշտպանական հարմարանքն է ախտածին մանրէների դեմ պայքարելու և նրանց վնասազերծելու համար:

ԿԱՐՈՂ Է ԱՐԴՅՈ՞Ք ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԸ ԼԻՆԵԼ ՊԱՏՎԱՍՏՄՆԵՐԻ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ

Ճիշտ է արդյո՞ք, որ առողջ սնունդը, սպորտով զբաղվելը, սթրեսային իրավիճակներից խուսափելը, պատվաստումները դարձնում են ոչ անհրաժեշտ:

Առողջ ապրելակերպն ունենալով շատ առավելություններ, ցավոք սրտի չի կարող փոխարինել օրգանիզմի սպեցիֆիկ իմունային պատասխանին, որը զարգանում է պատվաստումից հետո: Ճիշտ սնունդը, վնասակար սովորույթներից խուսափելը և բավարար ֆիզիկական ակտիվությունը կարող են երկարացնել կյանքի տևողությունը, բարձրացնել կյանքի որակը, նպաստել քրոնիկ հիվանդությունների կանխարգելմանը, սակայն չեն կարող պաշտպանել մարդուն բարձր հպավարանցիկություն /կոնտագիոզություն/ ունեցող վարակիչ հիվանդություններից:

Եթե առողջ ապրելակերպը կարողանար կանխարգելել վարակիչ հիվանդությունների առաջացումը, ապա երբեք, ոչ մի պարագայում առողջ երեխաները և մեծահասակները չէին հիվանդանա վարակիչ հիվանդություններով, իսկ առավել ևս չէին մահանա այդ հիվանդություններից:

ԴԻՖԹԵՐԻԱ

Արդյո՞ք այսօր անհրաժեշտ են դիֆթերիայի դեմ պատվաստումները, երբ այս հիվանդությունը հազվադեպ է հանդիպում…

Դիֆթերիան ոչ թե հազվադեպ հանդիպող, այլ որոշ զարգացած երկրներում մոռացված հիվանդություն է, որը ցանկացած պահի կարող է վերադառնալ՝ առաջացնելով համաճարակներ:

Այսօր Հայաստանի Հանրապետությունում դիֆթերիայի դեպքեր չեն արձանագրվում: Այն երկրներում, որտեղ պատվաստումներում ընդգրկվածությունը ցածր է, մեծ է բռնկման առաջացման հավանականությունը: Լուրջ խնդիր են նաև անհիմն հակացուցումները և հրաժարումները որի արդյունքում երեխաները պաշտպանված չեն վարակներից: Շատ կարևոր հարց է, թե դիֆթերիայի դեմ պատվաստված անհատը արդյո՞ք պաշտպանված է վարակից, թե կարող է հիվանդանալ: Դիֆթերիայի դեմ պատվաստումը, ինչպես նաև հիվանդությունը, չի առաջացնում կայուն անընկալություն ողջ կյանքի ընթացքում: Դիֆթերիայով հիվանդանալուց հետո առաջանում է անընկալություն 6 ամսից մինչև 10 տարի ժամանակահատվածում: Այդ պատճառով անհրաժեշտ է Պատվաստումների ազգային օրացույցով նախատեսված ժամկետներում կատարել ոչ միայն պատվաստումները, այլ նաև կրկնապատվաստումները:

 ԿԱՐՄՐՈՒԿ       

Յուրաքանչյուր ոք պատվաստման շուրջ երկմտելուց առաջ պետք է գիտակցի, որ հիվանդության առաջացման ռիսկը շատ ավելի բարձր է, քան հետպատվաստումային բարդությունների  զարգացման ռիսկը: Ըստ վիճակագրության, եթե 1000 կարմրուկով հիվանդից մեկի մոտ է զարգանում էնցեֆալիտ, ապա կարմրուկի, կարմրախտի և խոզուկի դեմ համակցված պատվաստում ստացած մեկ միլիոնից հետպատվաստումային էնցեֆալիտ հնարավոր է զարգանա մեկի մոտ: Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր տարի կատարվում է մոտ 80 000 դեղաչափ կարմրուկ, կարմրախտ, խոզուկի համակցված պատվաստում, և ոչ մի հետպատվաստումային էնցեֆալիտ չի արձանագրվել: Վերջին գիտական, կլինիկական  հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ կարմրուկով հիվանդանալուց հետո անձի մոտ կարող է առաջանալ «իմունային ամնեզիա», իմունային հիշողության կորուստ՝ մոտ 36 ամիս: Այսինքն տվյալ անձը այդ ժամանակահատվածում  լիովին անպաշտպան է և կարող է հիվանդանալ ցանկացած հիվանդությամբ:

 

ԿԱՐԵԼԻ՞ Է ԱՐԴՅՈՔ ՊԱՏՎԱՍՏԵԼ ԵՐԵԽԱՅԻՆ, ԵԹԵ ՆԱ ՋԵՐՄՈՒՄ Է ԿԱՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՌՄԱՄԲ ՎԱՏ Է ԶԳՈՒՄ Ո՞Ր ԴԵՊՔԵՐՈՒՄ Է ՀԱԿԱՑՈՒՑՎԱԾ ՊԱՏՎԱՍՏԵԼ ԵՐԵԽԱՅԻՆ

 

Եթե երեխայի մոտ նկատվում է ոչ բարձր ջերմություն, թեթև դիարեա և երեխայի վիճակը սուր չէ, երեխան կարող է պատվաստվել։

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության` հակացուցումները մի քանիսն են.

  • Եթե պատվաստանյութի նախորդ դեղաչափից երեխայի մոտ եղել է շատ ծանր ալերգիկ կամ անաֆիլակտիկ ռեակցիա (հիմնական նշաններն են՝ եղնջացան, դժվարացած շնչառություն, ճնշման անկում) երեխայի պատվաստումը չի կատարվում տվյալ կոնկրետ պատվաստանյութով
  • Եթե երեխայի մոտ առկա է ծանր իմունային անբավարարություն (օրինակ՝ ՁԻԱՀ, չարորակ նորագոյացություններ, իմունիտետը ճնշող դեղամիջոցների և ճառագայթային բուժման կիրառում)
  • Եթե երեխայի մոտ առկա են հակացուցումներ կոնկրետ պատվաստանյութերի նկատմամբ (օրինակ՝ զարգացող նյարդաբանական վիճակների դեպքում չի կատարվում կապույտ հազի բաղադրիչ պարունակող պատվաստանյութ, իսկ հեպատիտ Բ-ի և տուբերկուլոզի դեմ պատվաստում չի կատարվում 2000 գրամից ցածր քաշ ունեցող նորածիններին)
  • Բոլոր դեպքերում երեխայի առողջական վիճակը և հակացուցումների առկայությունը գնահատվում է պոլիկլինիկայում` տեղամասային բժշկի, իսկ անհրաժեշտության դեպքում այս նպատակով կազմավորված մասնագիտական հանձնաժողովի կողմից։