ԾՆՈՂՆԵՐԻՆ
ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐ
Ինչու՞ պատվաստվել գրիպի դեմ:
Կարևոր է ստանալ գրիպի դեմ պատվաստում յուրաքանչյուր տարի, քանի որ գրիպի վիրուսներն անընդհատ փոփոխվում են, և, հետևաբար, գրիպի դեմ պատվաստանյութը յուրաքանչյուր սեզոն թարմացվում է՝ տվյալ սեզոնի ընթացքում շրջանառող վիրուսի տեսակին համապատասխան։ Պատշաճ պաշտպանություն ապահովելու համար անհրաժեշտ է յուրաքանչյուր տարի ստանալ պատվաստում։
Աուտիզմի առաջացման ռիսկի գործոններ և բնութագրիչ փաստեր
1998թ. «Լանցետ» հանդեսում հրապարակվեց հետազոտություն, որում անհանգստություն էր արտահայտվել կարմրուկ-կարմրախտ-խոզուկի դեմ պատվաստանյութի և աուտիզմի միջև հավանական կապի վերաբերյալ: Սակայն հետազոտության մեջ հայտնաբերվեցին լուրջ բացթողումներ և այն ետ կանչվեց հրապարակող հանդեսի կողմից: Ցավոք այդ հոդվածի հայտնվելը խուճապ առաջացրեց, որի արդյունքում նվազեցին կարմրուկի դեմ պատվաստումների ցուցանիշները, որն էլ առաջացրեց կարմրուկի բռնկումներ ամբողջ աշխարհում:
2003 թվականից սկսած ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման կենտրոնների կողմից, որը համարվում է ապացուցողական բժշկության ամենահիմնավոր տեղեկատվություն տրամադրող կազմակերպությունն ամբողջ աշխարհում, իրականացվել են ինը գիտական հետազոտություններ` պատվաստանյութերի, նրանցում պարունակվող նյութերի և աուտիզմի միջև հավանական կապի պարզաբանման վերաբերյալ, որոնց արդյունքում վերջնականապես ժխտվել է աուտիզմի և պատվաստումների միջև պատճառահետևանքային կապը, մասնավորապես, հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ.
1.Աուտիզմ գրանցվում է ինչպես պատվաստված, այնպես էլ չպատվաստված երեխաների մոտ:
2.Պատվաստանյութերի բաղադրությունում աննշան քանակությամբ առկա թիոմերսալի և աուտիզմի, ինչպես նաև նյարդային համակարգի զարգացման խանգարումների առաջացման միջև պատճառահետևանքային կապը բացակայում է:
3.Մեկ ձվաբջջից զարգացած երկվորյակների մոտ, եթե մեկի մոտ առկա են աուտիզմի ախտանշաններ, ապա մյուսի մոտ ժամանակի ընթացքում 36-95%-ով կզարգանան աուտիզմի ախտանշաններ:
4.Երկու ձվաբջջից առաջացած երկվորյակների մոտ, եթե մեկի մոտ առկա են աուտիզմի ախտանշաններ, ապա մյուսի մոտ ժամանակի ընթացքում 0-31%-ով կզարգանան աուտիզմի ախտանշաններ:
5.Աուտիզմով հիվանդ երեխա ունեցող ծնողների հաջորդ երեխան 2%–18% հավանականությամբ կունենա աուտիզմ:
6.Աուտիզմն առավել հաճախ առաջանում է այն մարդկանց մոտ, ովքեր ունեն որոշակի գենետիկ կամ քրոմոսոմային խանգարումներ:
7.Աուտիզմով երեխաների մոտ 10%-ը ունեն նաև Դաունի համախտանիշ, Մարտին-Բելի համախտանիշ /fragile X syndrome/ կամ այլ գենետիկ (քրոմոսոմային) խանգարումներ:
8.Վաղաժամկետ ծնված կամ ցածր քաշով նորածինների փոքր տոկոսը աուտիզմի զարգացման բարձր ռիսկի խմբում են:
9.Աուտիզմը համակցվում է զարգացման, հոգեբուժական, նյարդաբանական, քրոմոսոմային և գենետիկ այլ հիվանդությունների հետ: Զարգացման 1 կամ ավել արատների հետ համակցումը կարող է հանդիպել 83%, իսկ 1 կամ ավել հոգեբուժական ախտորոշումների հետ համակցումը` 10% դեպքերում:
10.Սովորաբար աուտիզմով երեխաների ծնողները ախտանշանները /զարգացման, ուշադրության խնդիրներ/ նկատում են մինչև երեխայի ծննդյան առաջին տարեդարձը:
Հղում`
http://www.cdc.gov/vaccinesafety/concerns/autism.html
http://www.cdc.gov/ncbddd/autism/data.html
Կեղծ տեսակետներ (միֆեր) պատվաստումների մասին
Կեղծ տեսակետ 1. Սանիտարահիգիենիկ պայմանների բարելավումը հանգեցնում է հիվանդությունների վերացմանը, հետևաբար պատվաստումների կարիք չկա: Ճիշտ չԷ:
Չնայած, որ սանիտարահիգիենիկ պայմանների բարելավումը, ձեռքերի լվացումը և մաքուր ջուրը պաշտպանում են մարդուն մի շարք վարակիչ հիվնադություներից, այնուամենայնիվ պատվաստումներով կանխարգելվող հիվանդությունները նորից կարող են հայտնվել, եթե պատվաստումները դադարեցվեն, քանի որ բազմաթիվ հիվանդություններ տարածվում են անկախ հիգիենիկ պայմաններից: Եթե ազգաբնակչությունը պատվաստված չէ, ապա հազվադեպ հանդիպող հիվանդությունները կարող են նորից վերադառնալ, օրինակ կարմրուկը, պոլիոմիելիտը:
Կեղծ տեսակետ 2. Պատվաստանյութերը առաջացնում են մի շարք վնասակար և երկարատև կողմնակի երևույթներ, որոնք դեռ հայտնի չեն: Պատվաստումը նույնիսկ կարող է նույնիսկ մահվան պատճառ դառնալ: Ճիշտ չԷ:
Պատվաստանյութերը սովորաբար անտանգ են: Մեծամասամբ պատվաստանյութերն առաջացնում են թեթև և ժամանակավոր երևույթներ, օրինակ ցավոտություն ներարկման տեղում, ջերմության բարձրացում: Լուրջ կողմնակի երևույթներ առաջանում են շատ հազվադեպ և մանրամասն ուսումնասիրվում ու հետաքննվում են: Ձեր մոտ լուրջ խնդիրներ կարող են առաջանալ տվյալ հիվանդությամբ հիվանդանալու դեպքում, քան պատվաստման հետևանքով: Օրինակ, պոլիոմիելիտը առաջացնում է կաթված, կարմրուկը` էնցեֆալիտ, կուրություն, իսկ որոշ հիվանդություններ կարող են հանգեցնել նաև մահվան: Պատվաստումների օգուտը գերակշռում է պատվաստումներին վերագրվող ռիսկին: Առանց պատվաստումների ավելի բարձր կլինի հիվանդացությունը, ավելի շատ կլինեն հաշմանդամության և մահվան դեպքերը:
Կեղծ տեսակետ 3. Դիֆթերիայի, կապույտ հազի և փայտացման դեմ համակցված, ինչպես նաև պոլիոմիելիտի դեմ պատվաստանյութերն առաջացնում են կրծքի հասակի երեխաների հանկարծամահություն: Ճիշտ չԷ:
Չկա պատճառահետևանքային կապ պատվաստումների և կրծքի հասակի երեխաների հանկարծամահության միջև: Սակայն պատվաստումներն իրականացվում են անյ ժամանակահատվածում, երբ կարող է առաջանալ կրծքի հասակի երեխաների հանկարծամահության համախտանիշը, այսինքն հանկարծամահությունը կարող է համընկնել պատվաստումների հետ կամ առաջանալ առանց պատվաստման: Կարևոր է հիշել, որ այս չորս հիվանդությունները կարող են մահվան, ծանր հաշմանդամության պատճառ հանդիսանալ և երեխաներին չպատվաստելով ենթարկում ենք ավելի մեծ ռիսկի:
Կեղծ տեսակետ 4. Այն հիվանդությունները, որոնք կանխարգելվում են պատվաստանյութերով, իմ երկրում համարյա վերացել են, հետևաբար հիմքեր չկան պատվաստում ստանալու: Ճիշտ չԷ:
Չնայած որ պատվաստանյութերով կանխարգելվող հիվանդությունները շատ երկրներում հազվադեպ են հանդիպում, այնուամենայնիվ նրանց հարուցիչները շրջանառում են շրջակա միջավայրում: Այս հարուցիչները կարող են հատել սահմանները և ցանկացած պահին չպաշտպանված անհատը կարող է վարակվել: Օրինակ, Արևմտյան Եվրոպայում 2005 թվականին կարմրուկի բռնկում արձանագրվեց չպատվաստված ազգաբնակչության շրջանում /Ավստրիայում, Բելգիայում, Դանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Շվեյցարիայում և Միացյալ Թագավորությունում/: Այսպիսով կա երկու հիմնավոր պատճառ կատարելու պատվաստումները՝ պաշտպանված լինել և պաշտպանել մեզ շրջապատող մարդկանց: Հաջողված իմունականխարգելման ծրագրերը, ինչպես նաև հասարակությունը և յուրաքանչյուր անհատ համատեղ ապահովում են ընդհանուր բարեկեցությունը: Մենք չպետք է մտածենք, որ հիվանդության տարածումը կկանխեն մեզ շրջապատող մարդիկ, այլ ինքներս նույնպես պետք է ջանք գործադրենք այդ նպատակի համար:
Կեղծ տեսակետ 5. Պատվաստանյութերով կանխարգելվող մանկական հիվանդությունները «կյանքի անցանկալի իրողություն» են: Ճիշտ չԷ:
Պատվաստանյութով կանխվող հիվանդությունները չպետք է լինեն «կյանքի անցանկալի իրողություն»: Այնպիսի հիվանդությունները, ինչպիսիք են կարմրուկը, խոզուկը և կարմրախտը լուրջ հիվանդություններ են և երեխաների ու մեծահասակների մոտ կարող են առաջացնել բարդություններ՝ թոքաբորբ, էնցեֆալիտ, կուրություն, փորլուծություն, ականջաբորբ, բնածին կարմրախտի համախտանիշ (եթե կինը հղիության առաջին շրջանում վարակվել է կարմրախտով ) և մահ: Այս բոլոր հիվանդությունները և տառապանքները կարելի է կանխել պատվաստումների միջոցով: Այս հիվանդությունների դեմ առանց պատվաստման երեխաներն առավել խոցելի են:
Կեղծ տեսակետ 6. Միաժամանակ մեկ պատվաստումից ավել ներարկումը կարող է ունենալ կողմնակի ազդեցություն, կարող է ծանրաբեռնել երեխայի իմուն համակարգը: Ճիշտ չԷ:
Ըստ գիտահետազոտական տվյալների, մի քանի պատվաստանյութերի միաժամանակ ներմուծումը երեխայի իմուն համակարգի վրա չունի անբարեհաջող ազդեցություն: Երեխաները ամեն օր ենթարկվում են հարյուրից ավել օտար ազդակների ազդեցությանը, որոնք առաջացնում են իմուն պատասխան: Սովորաբար սննդամթերքի միջոցով օրգանիզմ են թափանցում բազմաթիվ հակամարմիններ, իսկ բերանի և քթի խոռոչում բնակվում են բազմաթիվ բակտերիաներ: Երեխան ենթարկվում է մեծ քանակի հակամարմինների ազդեցության մրսածության կամ անգինայի ժամանակ ավելի շատ, քան պատվաստման ընթացքում:
Միաժամանակ մի քանի պատվաստում կատարելու հիմնական առավելություններն են՝ կրճատվում է պոլիկլինիկա այցլությունների թիվը, որը կտնտեսի ժամանակ և գումար, բարձրանում է հավանականությունը, որ երեխան կստանա անհրաժեշտ պատվաստումներն առանց խախտելու ազգային օրացույցի ժամկետները: համակցված պատվաստումների կիրառումը նպաստում է ներարկումների կրճատմանը, օրինակ, կարմրուկի, խոզուկի և կարմրախտի դեմ համակցված պատվաստանյութի օգտագործումը:
Կեղծ տեսակետ 7.Գրիպը տհաճ հիվանդւթյուն է և պատվաստումը արդյունավետ չէ: Ճիշտ չԷ:
Գրիպը ավելին է, քան տհաճ հիվանդւթյուն: Այն լուրջ հիվանդություն է, որն ամբողջ աշխարհում տարեկան 300-500 հազար մահվան պատճառ է հանդիսանում: Ռիսկի խումբ են կազմում հղի կանայք, փոքր տարիքի երեխաները, տարեցները, սիրտ-անոթային, շնչառական համակարգի խրոնիկ հիվանդները: Հղի կանանց պատվաստումը երկակի դրական ազդեցություն ունի, այն պաշտպանում է նաև նորածիններին /քանի որ չկա գրիպի պատվաստանյութ 6 ամսականից ցածր երեխաների համար/: Պատվաստումը ապահովում է պաշտպանություն յուրաքանչյուր սեզոնին շրջանառվող երեք ամենատարածված շտամերի նկատմամբ: Գրիպի դեմ պատվաստանյութը լավագույն մեթոդն է նվազեցնել ծանր գրիպով հիվանդացության հնարավորությունը և չվարակել շրջապատի մարդկանց: Խուսափել գրիպից նշանակում է խուսափել լրացուցիչ ծախսերից:
Կեղծ տեսակետ 8.Ավելի լավ է իմունիտետ ձեռք բերել հիվանդանալու արդյունքում, քան պատվաստման: Ճիշտ չԷ:
Պատվաստանյութերը փոխազդում են իմունային համակարգի հետ` առաջացնելով իմուն պատասխան, որը նման է բնական վարակի նկատմամբ առաջացած իմուն պատասխանին, սակայն պատվաստանյութերը հիվանդություն չեն առաջացնում և պատվաստվածին հավանական բարդությունների ռիսկի չեն ենթարկում: Ի տարբերություն դրան, բնական վարակի արդյունքում անընկալություն ստանալու համար հնարավոր է, ստիպված լինեք վճարել, հեմոֆիլուսային Բ տիպի վարակի (Hib) առաջացրած մտավոր հետամնացությամբ, կարմրախտի հետևանքով` բնածին արատներով, վիրուսային հեպատիտ Բ-ից` լյարդի քաղցկեղով կամ կարմրուկից` մահով:
Կեղծ տեսակետ 9.Պատվաստանյութերը պարունակում են առողջության համար վնասակար սնդիկ Ճիշտ չԷ:
Թիոմերսալը սնդիկ պարունակող օրգանական նյութ է, որն ավելացնում են որոշ պատվաստանյութերի մեջ որպես կոնսերվանտ: Սա բազմադեղաչափ շշիկներով առաքվող պատվաստանյութերի մեջ կիրառվող ամենատարածված կոնսերվանտն է: Գոյություն չունեն առողջության համար վնասակար լինելու վերաբերյալ տվյալներ թիոմերսալի` պատվաստանյութերում օգտագործվող քանակի վերաբերյալ:
Կեղծ տեսակետ 10.Պատվաստանյութերն առաջացնում են աուտիզմ: Ճիշտ չԷ:
1998թ. հետազոտության մեջ, որտեղ անհանգստություն էր արտահայտվել կարմրուկ-կարմրախտ-խոզուկի դեմ պատվաստանյութի և աուտիզմի միջև հավանական կապի վերաբերյալ, արդյունքում հայտնաբերվեցին լուրջ բացթողումներ և այն ետ կանչվեց հրապարակող ամսագրի կողմից: Ցավոք նրա հայտնվելը խուճապ առաջացրեց, որի արդյունքում նվազեցին պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշները և հետևեցին այդ հիվանդությունների բռնկումները: Կարմրուկ-կարմրախտ-խոզուկի դեմ համակցված պատվաստանյութի և աուտիզմի կամ աուտիկ խանգարումների միջև կապի առկայությունը հաստատող տվյալները բացակայում են:
Ե՞րբ պետք է պատվաստվի երեխան:
Երեխան պատվաստումները պետք է ստանա համաձայն ՀՀ «Պատվաստումների ազգային օրացույցի»:
Պատվաստումների ազգային օրացույց
Պատվաստումների ազգային օրացույցից շեղումների դեպքում (ուշացումներ, հետաձգումներ տարբեր պատճառներով) անհրաժեշտ է պատվաստումների հաջորդ դեղաչափերը կատարել հնարավորինս շուտ՝ պահպանելով նույնանուն պատվաստանյութի դեղաչափերի միջև առնվազն 4 շաբաթ ընդմիջում: Դա այն ժամկետն է, երբ նախորդ պատվաստումից հետո ձևավորվում է հակամարմինների անհրաժեշտ քանակ, այսինքն 4 շաբաթից շուտ կատարելու դեպքում երեխայի մոտ լիարժեք իմունիտետ չի ձևավորվում, սակայն երեխայի կյանքին դրանից վտանգ չի սպառնում կամ որևէ առողջական խնդիր չի առաջացնում, այլ պարզապես օրգանիզմի իմուն համակարգը իներտ է մնում այդ նոր դեղաչափին:
Ինչ պետք է անել պատվաստումից առաջ:
Պատվաստումից առաջ բժիշկը պետք է գնահատի երեխայի առողջական վիճակը: Գնահատման արդյունքում, եթե երեխան առողջ է՝ կատարվում է պատվաստում, իսկ եթե հայտնաբերվում է որևէ ախտաբանական երևույթ, ապա պատվաստումը հետաձգվում է՝ մինչև երեխայի առողջանալը:
Պատվաստումից առաջ չի կարելի երեխային տալ ջերմիջեցնող դեղորայք:
Պատվաստումից առաջ չի կարելի երեխային տալ հակաալերգիկ դեղորայք:
Ի՞նչ է սպասվում պատվաստումից հետո և ի՞նչ պետք է անել:
Պատվաստումից հետո պետք է մնալ բուժհաստատությունում ՝ առնվազն 30 րոպե, հետպատվաստումային որևէ լուրջ խնդիր առաջանալու դեպքում առաջին օգնություն ցուցաբերելու համար (տվյալ պատվաստանյութից կամ նրա որևէ բաղադրիչից օրգանիզմի անհատական ռեակցիա, ինչպես օրինակ՝ մեղվի կծելուց, տարբեր դեղորայքներից որոշ անձանց մոտ առաջանում է ծանր ալերգաբանական ռեակցիա):
Պատվաստումից հետո առաջին 48 ժամվա ընթացքում կարող են նկատվել ջերմության բարձրացում, ցավ, անհանգստություն կամ տեղային ռեակցիա՝ ներարկման տեղում այտուց, կարմրություն:
Ջերմությունը 38,5-ից բարձրանալու դեպքում անհրաժեշտ է տալ ջերմիջեցնող:
Ներարկման տեղում այտուց կամ կարմրություն առաջանալու դեպքում՝ դնել միայն սառը թրջոց (ծորակի ջրով):
ՊԱՏՎԱՍՏՈՒՄԻՑ ՀԵՏՈ …
Պատվաստումից հետո Ձեր երեխային անհրաժեշտ է ավելի շատ սեր, խնամք և հոգատարություն: Որոշ պատվաստումներ, որոնք պաշտպանում են երեխային ծանր հիվանդություններից, կարող են առաջացնել ժամանակավոր անհանգստություն: Պատվաստումները կարող են լինել ցավոտ, բայց հիվանդությունն ավելի մեծ վնաս է առաջացնում: Ստորև այն հարցերի պատասխաններն են, որոնք հաճախ առաջանում են ծնողների մոտ երեխայի պատվաստումից հետո:
Անհապաղ զանգահարեք Ձեր բժշկին, եթե Դուք դրական եք պատասխանել ստորև նշված որևէ հարցի.
Ձեր երեխայի ջերմությունը բարձր է, որն ըստ բժշկի ցուցումների անհանգստացնող է
Ձեր երեխան գունատ է և թորշոմած, թույլ
Ձեր երեխան անընդհատ լացում է՝ 3 ժամ և ավելի
Ձեր երեխան դողում է, վեր է թռչում կամ ցնցվում է
Ձեր երեխան նկատելի պասսիվ է, թույլ է արձագանքում շրջապատին
Ե՞րբ և ինչպե՞ս իջեցնել երեխայի ջերմությունը:
Ջերմությունը հարկավոր է իջեցնել, եթե այն 38,5 °C և բարձր է: Ջերմիջեցնող դեղորայքը նշանակվում է բժշկի կողմից երեխայի քաշին կամ տարիքին համապատասխան դեղաչափով: Ջերմությունն իջեցնելու համար Դուք կարող եք ձեռնարկել որոշակի միջոցառումներ.
Երեխային հաճախ կերակրեք, տվեք հեղուկներ, եթե երեխան ավելի մեծ տարիքի է: Թեթև հագցրեք, մի ծածկեք և մի փաթաթեք:
Երեխային տվեք ջերմիջեցնող կամ ցավազրկող բժշկի խորհրդով՝ ըստ երեխայի քաշի կամ տարիքի: Մեկ ժամ անց նորից չափեք ջերմությունը: Եթե Դուք հարցեր ունեք, զանգահարեք բժշկին:
Չի կարելի՝
Ջերմող երեխայի մարմնին հպել սառը իրեր: Դա կնպաստի մաշկի անոթների սպազմին: Երեխայի մաշկի ջերմության իջեցումը վտանգավոր է, քանի որ այն կբերի ներքին օրգանների ջերմաստիճանի բարձրացմանը:
Մարմինը շփել սպիրտով կամ քացախով, քանի որ նշված նյութերը կարող են ներծծվել մաշկի միջոցով՝ առաջացնելով թունավորում:
Եթե Ձեր երեխայի մաշկը բարձր ջերմության ժամանակ վարդագույն է և խոնավ, կարող եք լինել համեմատաբար հանգիստ, քանի որ դա վկայում է, որ չեն խախտվել ջերմարտադրության և ջերմատվության գործընթացները:
Եթե բարձր ջերմության ժամանակ մաշկը գունատ է, ձեռքերն ու ոտքերը սառը, իսկ երեխան դողում է, դա վկայում է անոթների սպազմի մասին: Այսպիսի դեպքերում պետք է բացառել բոլոր ֆիզիկական հովացնող մեթոդները՝ սառը ցնցուղ, սառը սավանով փաթաթելը և այլն: Անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի:
Ի՞նչ դեղորայք ընտրել
Դեղորայքը ընտրելուց /հեղուկ, օշարակ, հաբ, մոմիկ/ անհրաժեշտ է հաշվի առնել, որ դեղերը հեղուկ և օշարակ վիճակում ազդում են 20-30 րոպեի ընթացքում, մոմիկը՝ 30-45 րոպեի ընթացքում: Մոմիկն օգտագործում են, եթե երեխան փոքր է, փսխում է կամ հրաժարվում է խմել:
Ի՞նչ անել, եթե պատվաստումից հետո երեխան շատ անհանգիստ է:
Պատվաստումից հետո երեխան ցավից և ջերմությունից կարող է նյարդայնանալ և լինել անհանգիստ: Անհանգստությունը մեղմելու համար երեխային կարող եք տալ ցավազրկող, որը նույն ջերմիջեցնողն է: Եթե ներարկաման տեղը այտուցվել է և կա կարմրություն, ապա անհանգստությունը նվազեցնելու համար այտուցի շրջանում պետք է դնել մաքուր լաթով ծորակի ջրով թրջոց:
Որևէ այլ միջոց ներարկման տեղի այտուցի կամ կոշտության համար չի կարելի կիրառել, քանի որ նախ ներարկման տեղից արդեն սկսում է ձևավորվել իմունիտետ և պետք չի ավելորդ միջոցներով տաքացնել կամ թրջոցներ դնել: Ոչ մեկն ապահովագրված չէ այդքան տարաբնույթ միջոցներից ալերգիկ ռեակցիաների առաջանալուց: Դրանք ներարկման տեղում հաճախ նպաստավոր պայմաններ են ստեղծում բորբոքային պրոցեսների համար:
Ցավը նվազեցնելու նպատակով պետք է տալ ցավազրկող դեղորայք, որը նույն ջերմիջեցնողն է:
Եթե երեխան հիվանդագին տեսք ունի, եթե Ձեզ մի փոքր անհանգստացնում է Ձեր երեխայի տեսքը կամ ինքնազգացողությունը, ապա զանգահարեք բժշկին:
Ինչու՞ են անհրաժեշտ պատվաստումները:
Պատվաստումները լավագույն միջոցն են պաշտպանվելու այնպիսի վարակներից ինչպիսիք են դիֆթերիան, փայտացումը, պոլիոմիելիտը, կապույտ հազը, կարմրուկը, կարմրախտը, խոզուկը, վիրուսային հեպատիտ Բ-ն, մենինգիտները և թոքաբորբերը` պայմանավորված պնևմակոկային և հեմոֆիլուսային Բ տիպի վարակներով, ռոտավիրուսային վարակները։ Պատվաստումներն անհրաժեշտ են.
Որպեսզի կանխարգելվի հիվանդացման դեպքը
Որպեսզի կանխարգելվի մահը կամ հաշմանդամությունը
Որպեսզի վարակներից պաշտպանվեն բնակչության ստվար զանգվածները
Պատվաստանյութերը պատրաստված են հիվանդություն առաջացնող մանրէներից, որոնք փոփոխված են այնպես, որ մարդկանց չվնասելով միաժամանակ ապահովեն վստահելի պաշտպանություն։
Պատվաստանյութն օրգանիզմում առաջացնում է համապատասխան հակամարմիններ, որոնք բնական վարակի հետ հանդիպելու դեպքում պաշտպանում են հիվանդանալուց։ Իսկ եթե նույնիսկ պատվաստված երեխան հիվանդանում է, ապա հիվանդությունն ընթանում է անհամեմատ թեթև։ Վարակիչ հիվանդությունները շատ արագ են տարածվում։ Սակայն այդ տարածումը կարելի է կանգնեցնել միայն այն պարագայում, երբ տվյալ բնակավայրում պատվաստված մարդկանց թիվը բավարար մակարդակի է (95%-ից ոչ պակաս)։ Համայնքում որքան շատ են պատվաստված երեխաները (նաև մեծահասակները), այնքան պաշտպանված է համայնքի յուրաքանչյուր անդամը։
Որո՞նք են պատվաստումների հակացուցումները:
Պատվաստումից առաջ երեխայի առողջական վիճակը և հակացուցումների առկայությունը գնահատվում է պոլիկլինիկայում` տեղամասային բժշկի կողմից, իսկ անհրաժեշտության դեպքում՝ այս նպատակով կազմավորված մասնագիտական հանձնաժողովի։
1)Պատվաստման միակ բացարձակ հակացուցումը տվյալ պատվաստանյութի նախորդ դեղաչափից առաջացած անաֆիլաքսիան է: Պատվաստանյութերի կամ պատվաստանյութի որևէ բաղադրիչի նկատմամբ` ծանր ալերգաբանական ռեակցիա կամ անաֆիլաքսիա (տարածուն եղնջացան, սուլող շնչառություն, բերանի և կոկորդի այտուց, դժվարացած շնչառություն, հիպոթենզիա և շոկ) նախորդ պատվաստումից հետո:
2)Ժամանակավոր հակացուցում՝
ա.Կապույտ հազի բաղադրիչ պարունակող համակցված պատվաստանյութերի համար` էնցեֆալոպաթիա (կոմա, գիտակցության մթագնում, երկարատև` 15 րոպեից ավել տևող ցնցումներ) նախորդ պատվաստումից հետո` 7 օրվա ընթացքում:
բ.Սուր սոմատիկ հիվանդություններ, միջին և ծանր ընթացքով:
գ.Ձեռքբերովի իմունադեֆիցիտներ (ՁԻԱՀ, իմունադեֆիցիտներ՝ պայմանավորված օնկոլոգիական հիվանդություններով, քիմիաթերապիայով, ճառագայթային բուժումով, իմունասուպրեսիա առաջացնող դեղամիջոցների երկարատև կիրառումով (օրինակ կորտիկոստերոիդներով` 2 շաբաթ և ավելի տևողությամբ՝ 2 մգ/կգ կամ 20 մգ/օրական պրեդնիզոլոն):
դ. Բնածին կամ ձեռքբերովի իմունադեֆիցիտ վիճակներ՝ հաստատված լաբորատոր և կլինիկական հետազոտություններով, կենդանի պատվաստանյութերի (ԲՑԺ, ՕՊՊ, ԿԿԽ, ԿԿ, տուլարեմիա) համար:
ե.Բոլոր պատվաստանյութերի համար` սուր վարակիչ հիվանդություններ և քրոնիկ հիվանդությունների սրացում:
զ.Հեպատիտ Բ-ի և տուբերկուլոզի դեմ պատվաստում չի կատարվում 1700 գրամից ցածր քաշ ունեցող նորածիններին:
Առողջական վիճակի հետ կապված հակացուցումների առկայության դեպքում պատվաստումը կատարվում է առողջացումից անմիջապես հետո:
Պատվաստումների սպասվող և անսպասելի դրական արդյունքները
Պատվաստումների դրական ազդեցությունը կարող է ավելի շատ լինել քան սպասվում է, այսինքն պատվաստումները կարող են դրսևորել նաև ոչ սպեցիֆիկ /հետերոլոգիական/ ազդեցություն: Այսպես օրինակ, նորածինների տուբերկուլոզի դեմ պատվաստումները /ԲՑԺ/ նպաստում են վերին շնչուղիների վարակներով և սեպսիսով պայմանավորված հոսպիտալացումների նվազեցմանը, ընդ որում վերին շնչուղիների վարակներով պայմանավորված հոսպիտալացումների ցուցանիշները մոտ 41 %-ով, իսկ սեպսիսով պայմանավորված հոսպիտալացումների ցուցանիշները՝ 37.5%-ով:
Առավել մանրամասն հետևյալ նյութում՝ Պատվաստումների դրական ազդեցությունը
Ինչպե՞ս են պատվաստանյութերն աշխատում:
Հասկանալու համար թե պատվաստանյութերն ինչպես են աշխատում, առաջնահերթ պետք է պատկերացնենք, թե ինչպես է աշխատում իմուն համակարգը: Մարդու իմուն համակարգի հիմնական դերը մեզ պաշտպանելն է այն ամենից, ինչը ներթափանցում է մեր օրգանիզմ: Դրանց շարքին են պատկանում հիվանդությունների հարուցիչները` վիրուսները և մանրէները, որոնց օրգանիզմը ճանաչում է որպես օտարածին և սկսում է արտադրել սպիտակուցներ` հակամարմիններ, դրանց դեմ պայքարելու համար: Բայց իմուն համակարգը կատարում է ավելին, քան գտնել հարուցիչներին և ոչնչացնել դրանց: Իմուն համակարգը նաև հիշում է դրանց, հետևաբար, եթե նույն հարուցիչները նորից ներթափանցեն օրգանիզմ , հակամարմիններն արագորեն կստեղծվեն ու կոչնչացնեն հարուցիչներին՝ մինչև դրանք կհասցնեն հիվանդություն առաջացնել: Ահա թե ինչու , եթե որևէ մեկը վարակվում է հիվանդությամբ, օրինակ կարմրուկով կամ ջրծաղիկով մի քանի անգամ կարող է ենթարկվել հիվանդության հարուցիչների ազդեցությանը` առանց հիվանդանալու:
Սա է իմունիտետը կամ անընկալությունը, որը շատ արդյունավետ համակարգ է: Սակայն մեկ խնդիր կա: Առաջին անգամ հիվանդության ազդեցության ենթարկվելիս, նրա իմուն համակարգը չի կարող այնքան արագորեն ստեղծել հակամարմիններ, որպեսզի հիվանդությունից պաշտպանվի: Ի վերջո իմուն համակարգը հաղթահարում է հիվանդությանը և մարդու մոտ առաջանում է պաշտպանություն նույն հիվանդության հետագա գրոհներից: Բայց այն չի կանխարգելում առաջին գրոհը:
Այս խնդիրը լուծվել է պատվաստումների միջոցով: Պատվաստանյութերը պարունակում են հիվանդություններ առաջացնող նույն հարուցիչները (օրինակ կարմրուկի վիրուս): Բայց հարուցիչները կամ սպանված են կամ թուլացված, այնքան, որ հիվանդություն չեն կարող առաջացնել: Որոշ պատվաստանյութեր պարունակում են միայն հարուցչի մասնիկներ: Երբ անձը պատվաստվում է, պատվաստանյութը խթանում է իմուն համակարգը` ճիշտ նույն մեխանիզմով արտադրվում են հակամարմիններ, ինչ որ բնական հիվանդության դեպքում: Երեխայի մոտ զարգանում է իմունիտետ այդ հիվանդության նկատմամբ` առանց հիվանդանալու: Ահա թե ինչու են պատվաստանյութերը համարվում հզոր դեղամիջոցներ: Ի տարբերություն շատ դեղամիջոցների, որոնք բուժում են հիվանդությունը, պատվաստանյութերը կանխարգելում են դրանք:
Ի՞նչ է մարդու պապիլոմավիրուսային վարակը:
ՄՊՎ-ն լայնորեն տարածված է բնության մեջ: Այն վերարտադրողական համակարգի ամենատարածված վիրուսային վարակն է: Կանանց և տղամարդկանց շուրջ 80%-ն իրենց կյանքի ընթացքում ենթարկվում է վիրուսի որևէ տեսակով վարակման ռիսկին՝ հատկապես մինչև 25 տարեկան սեռապես ակտիվ տղամարդիկ և կանայք: Այս վիրուսների մեծ մասը վտանգավոր չեն, սակայն ՄՊՎ-ի առավել տարածված տեսակները կարող են առաջացնել արգանդի պարանոցի քաղցկեղ, սեռական գորտնուկներ և այլ հիվանդություններ: Արգանդի պարանոցի քաղցկեղը ՄՊՎ-ի պատճառով առաջացած քաղցկեղի ամենատարածված տեսակն է:
Ինչպե՞ս է անձը վարակվում ՄՊՎ վարակով
ՄՊՎ վարակը փոխանցվում է սերտ շփման միջոցով, մաշկից-մաշկ, վարակված հատվածի հետ շփվելիս: Վարակը կարող է փոխանցվել վարակված հատվածի հետ ցանկացած սերտ շփման դեպքում:
Շատ հազվադեպ ծննդաբերության ժամանակ վիրուսը կարող է փոխանցվել հիվանդ մորից երեխային: Փոխանցման այս տեսակը կարող է հանգեցնել նորածինների շրջանում լուրջ, սակայն հազվադեպ հանդիպող հիվանդության, որը կոչվում է վերին շնչուղիների պապիլոմատոզ:
ՄՊՎ-ն ժառանգական բնույթ չի կրում, գենետիկորեն չի փոխանցվում, կախված չէ գենետիկ կոդից կամ հիվանդության ընտանեկան վերհուշից:
Ինչո՞ւ են պատվաստում միայն արգանդի պարանոցի քաղցկեղի դեմ, այլ ոչ թե, օրինակ՝ կրծքագեղձի քաղցկեղի դեմ:
Պատվաստանյութը ոչ թե արգանդի պարանոցի քաղցկեղի դեմ է, այլ մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ, որն առավել հաճախ առաջացնում է արգանդի պարանոցի քաղցկեղ: Վիրուսը կարող է առաջացնել նաև կանաց և տղամարդկանց արտաքին սեռական օրգանների, բկանցքի, շնչառական օրգանների քաղցկեղ, սեռական գորտնուկներ, ինչպես նաև հազվադեպ ծննդաբերության ժամանակ մորից վարակված երեխայի մոտ՝ շնչառական օրգանների պապիլոմատոզ:
Արդյոք ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութն առաջացնում է անպտղություն:
Աշխարհի ոչ մի երկրում չկա ոչ մի ապացուցողական հետազոտություն, որ վերջին 10 տարվա ընթացքում ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութ ստացած աղջիկների մոտ իջել է ծնելիության մակարդակը կամ ծնվել են ավելի շատ մեռելածին նորածիններ: Չկա ոչ մի հիմք պնդելու համար, որ պատվաստանյութը ինչ-ոչ կերպ ազդում է պտղաբերության վրա: Կլինիկական հետազոտությունները հաստատում են, որ ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութը չի ազդում կնոջ վերարտադրողական ֆունկցիայի վրա, մասնավորապես չի ազդում ձվարանի ֆունկցիայի վրա:
Հղում՝
http://www.merck.com/product/usa/pi_circulars/g/gardasil/gardasil_pi.pdf
http://apps.who.int/iris/bitstream/10665/255353/1/WER9219.pdf?ua=1
Արդյոք ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութը որևէ կողմնակի ազդեցություն ունի և եթե այո, ապա որո՞նք են դրանք:
ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութը հաճախ առաջացնում է թեթև կողմնակի երևույթներ: Ցավը, կարմրությունը, այտուցվածությունը ներարկման տեղում սպասվող կողմնակի երևույթներ են: Որոշ մարդկանց մոտ կարող է դիտվել գլխացավ, ոչ բարձր ջերմություն, ցավ հոդերի կամ մկանների շրջանում, կամ թեթև սրտխառնոց: Այս տեղային ռեակցիաները կամ կողմնակի երևույթները սովորաբար տևում են մեկ օրից ոչ ավել և վտանգավոր բնույթ չեն կրում:
Երբեմն, անձը կարող է ուշագնաց լինել՝ պատվաստման կամ այլ ներարկման ժամանակ: Սա ավելի տարածված է, երբ շատ երիտասարդներ պատվաստվում են խմբակային, օրինակ, դպրոցում: Ենթադրվում է, որ այս երևույթը պայմանավորված է սթրեսով և անհանգստությամբ, ոչ թե պատվաստանյութով։
Պատվաստում ստացած 1,7 միլիոնից մեկի մոտ կարող է զարգանալ ալերգիկ ռեակցիա (ինչպես, օրինակ, անաֆիլակտիկ շոկ): Հետևաբար, որպես նախազգուշացում, պատվաստվող անձը պատվաստումից հետո պետք է 30 րոպե մնա պոլիկլինիկայում:
Ցավոք, ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութի հետ կապված կողմնակի ազդեցությունների կամ քրոնիկ առողջական խնդիրների հետ կապված լուրերը շրջանառվում են սոցիալական ցանցերում, դեռահասների շրջանում: Ավելի քան 270 մլն չափաբաժնի լայնատարած ուսումնասիրությունները և անվտանգության ընթացիկ մոնիթորինգը, որը ներդրված է ողջ աշխարհում, մինչ օրս, չեն ապացուցում որևէ նման հղում:
Եթե ինչ-որ անսպասելի դեպք տեղի ունենա, տեղեկացրեք բժշկին: Բոլոր նման հաղորդումները լրջորեն ուսումնասիրվում են, տեսնելու համար, արդյո՞ք առաջացած երևույթները կապված են պատվաստանյութի հետ, թե՞ կարող է լինել այլ պատճառ:
Հղումներ՝
http://apps.who.int/iris/bitstream/10665/255353/1/WER9219.pdf?ua=1
http://apps.who.int/iris/bitstream/10665/70505/1/WHO_IVB_10.12_eng.pdf
http://www.merck.com/product/usa/pi_circulars/g/gardasil/gardasil_pi.pdf
https://www.cdc.gov/vaccines/hcp/vis/vis-statements/hpv.html
https://www.fda.gov/ForConsumers/ByAudience/ForWomen/ucm118530.htm
https://www.fda.gov/BiologicsBloodVaccines/SafetyAvailability/VaccineSafety/ucm179549.htm