ՀԱՐՑԵՐ

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Ինչու՞ պատվաստվել գրիպի դեմ:

Կարևոր է ստանալ գրիպի դեմ պատվաստում յուրաքանչյուր տարի, քանի որ գրիպի վիրուսներն անընդհատ փոփոխվում են, և, հետևաբար, գրիպի դեմ պատվաստանյութը յուրաքանչյուր սեզոն թարմացվում է՝ տվյալ սեզոնի ընթացքում շրջանառող վիրուսի տեսակին համապատասխան։ Պատշաճ պաշտպանություն ապահովելու համար անհրաժեշտ է յուրաքանչյուր տարի ստանալ պատվաստում։

Ի՞նչ է մարդու պապիլոմավիրուսային վարակը:

ՄՊՎ-ն լայնորեն տարածված է բնության մեջ: Այն վերարտադրողական համակարգի ամենատարածված վիրուսային վարակն է: Կանանց և տղամարդկանց շուրջ 80%-ն իրենց կյանքի ընթացքում ենթարկվում է վիրուսի որևէ տեսակով վարակման ռիսկին՝ հատկապես մինչև 25 տարեկան սեռապես ակտիվ տղամարդիկ և կանայք: Այս վիրուսների մեծ մասը վտանգավոր չեն, սակայն ՄՊՎ-ի առավել տարածված տեսակները կարող են առաջացնել արգանդի պարանոցի քաղցկեղ, սեռական գորտնուկներ և այլ հիվանդություններ: Արգանդի պարանոցի քաղցկեղը ՄՊՎ-ի պատճառով առաջացած քաղցկեղի ամենատարածված տեսակն է:

Ինչպե՞ս է անձը վարակվում ՄՊՎ վարակով

ՄՊՎ վարակը փոխանցվում է սերտ շփման միջոցով, մաշկից-մաշկ, վարակված հատվածի հետ շփվելիս: Վարակը կարող է փոխանցվել վարակված հատվածի հետ ցանկացած սերտ շփման դեպքում:
Շատ հազվադեպ ծննդաբերության ժամանակ վիրուսը կարող է փոխանցվել հիվանդ մորից երեխային: Փոխանցման այս տեսակը կարող է հանգեցնել նորածինների շրջանում լուրջ, սակայն հազվադեպ հանդիպող հիվանդության, որը կոչվում է վերին շնչուղիների պապիլոմատոզ:
ՄՊՎ-ն ժառանգական բնույթ չի կրում, գենետիկորեն չի փոխանցվում, կախված չէ գենետիկ կոդից կամ հիվանդության ընտանեկան վերհուշից:

Արդյոք ՄՊՊ-ն վտանգավոր է

Այո, վիրուսը կարող է վտանգավոր լինել: ՄՊՎ-ի սեռական ճանապարհով փոխանցվող 15 տեսակները կարող են առաջացնել արգանդի պարանոցի, հետանցքի, կանանց և տղամարդկանց արտաքին սեռական օրգանների, բկանցքի և կոկորդի քաղցկեղ:
Հաճախ ՄՊՎ-ով վարակված անձանց մոտ հիվանդությունն ընթանում է առանց որևէ ախտանշանի, ուստի վերջինս կարող է տեղյալ չլինել, որ ինքը վարակված է: Վարակը սովորաբար տևում է 1-2 տարի և ինքնուրույն անհետանում: Սակայն որոշ դեպքերում վարակը կարող է հանգեցնել նախաքաղցկեղային վիճակի: Եթե նախաքաղցկեղային վիճակը ժամանակին չի հայտնաբերվում և համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվում, ապա այն կարող է փոխակերպվել քաղցկեղի:

Որքա՞ն է տարածված ՄՊՎ վարակը:

ՄՊՎ-ն առավել տարածված հիվանդություն է, որը փոխանցվում է սեռական ճանապարհով: Կանանց և տղամարդկանց շուրջ 80%-ը իրենց կյանքի ընթացքում ենթարկվում է վիրուսի որևէ տեսակով վարակման ռիսկին՝ հատկապես մինչև 25 տարեկան սեռապես ակտիվ տղամարդիկ և կանայք:
Արգանդի պարանոցի քաղցկեղը ՄՊՎ-ի պատճառով առաջացած քաղցկեղի ամենատարածված տեսակն է և ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում կանանց շրջանում ամենատարածված քաղցկեղներից է: Նախաքաղցկեղային վիճակի վաղ հայտնաբերումը և համապատասխան բուժումը սքրինինգային ծրագրերի միջոցով օգնում է կանխարգելել արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում, սակայն եվրոպական տարածաշրջանում յուրաքանչյուր տարի ավելի քան 28 000 կին դեռ մահանում է այս հիվանդության հետևանքով:
ՄՊՎ-ի մի քանի տեսակ կարող են առաջացնել արգանդի պարանոցի, հետանցքի, կանանց և տղամարդկանց արտաքին սեռական օրգանների, բկանցքի և կոկորդի քաղցկեղ կամ սեռական գորտնուկներ, որոնք դժվար բուժվող վիճակներ են, ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց շրջանում: ՄՊՎ-ի մյուս տեսակները առաջացնում են սովորական գորտնուկներ, օրինակ՝ ձեռքերի և ոտքերի վրա:

Ինչո՞ւ են պատվաստում միայն արգանդի պարանոցի քաղցկեղի դեմ, այլ ոչ թե, օրինակ՝ կրծքագեղձի քաղցկեղի դեմ:

Պատվաստանյութը ոչ թե արգանդի պարանոցի քաղցկեղի դեմ է, այլ մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ, որն առավել հաճախ առաջացնում է արգանդի պարանոցի քաղցկեղ: Վիրուսը կարող է առաջացնել  նաև կանաց և տղամարդկանց  արտաքին սեռական օրգանների, բկանցքի, շնչառական օրգանների քաղցկեղ, սեռական գորտնուկներ, ինչպես նաև հազվադեպ ծննդաբերության ժամանակ մորից վարակված երեխայի մոտ՝ շնչառական օրգանների պապիլոմատոզ:

Արդյոք ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութն առաջացնում է անպտղություն:

Աշխարհի ոչ մի երկրում չկա ոչ մի ապացուցողական հետազոտություն, որ վերջին 10 տարվա ընթացքում ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութ  ստացած  աղջիկների մոտ իջել է ծնելիության մակարդակը կամ ծնվել են ավելի շատ մեռելածին նորածիններ: Չկա ոչ մի հիմք պնդելու համար, որ պատվաստանյութը ինչ-ոչ կերպ ազդում է պտղաբերության վրա: Կլինիկական հետազոտությունները հաստատում են, որ ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութը չի ազդում կնոջ վերարտադրողական ֆունկցիայի վրա, մասնավորապես  չի ազդում ձվարանի ֆունկցիայի վրա:

Հղում՝

http://www.merck.com/product/usa/pi_circulars/g/gardasil/gardasil_pi.pdf

http://apps.who.int/iris/bitstream/10665/255353/1/WER9219.pdf?ua=1

Արդյոք ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութը որևէ կողմնակի ազդեցություն ունի և եթե այո, ապա որո՞նք են դրանք:

ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութը հաճախ առաջացնում է թեթև կողմնակի երևույթներ: Ցավը, կարմրությունը, այտուցվածությունը ներարկման տեղում սպասվող կողմնակի երևույթներ են: Որոշ մարդկանց մոտ կարող է դիտվել գլխացավ, ոչ բարձր ջերմություն, ցավ հոդերի կամ մկանների շրջանում, կամ թեթև սրտխառնոց: Այս տեղային ռեակցիաները կամ կողմնակի երևույթները սովորաբար տևում են մեկ օրից ոչ ավել և վտանգավոր բնույթ չեն կրում:
Երբեմն, անձը կարող է ուշագնաց լինել՝ պատվաստման կամ այլ ներարկման ժամանակ: Սա ավելի տարածված է, երբ շատ երիտասարդներ պատվաստվում են խմբակային, օրինակ, դպրոցում: Ենթադրվում է, որ այս երևույթը պայմանավորված է սթրեսով և անհանգստությամբ, ոչ թե պատվաստանյութով։
Պատվաստում ստացած 1,7 միլիոնից մեկի մոտ կարող է զարգանալ ալերգիկ ռեակցիա (ինչպես, օրինակ, անաֆիլակտիկ շոկ): Հետևաբար, որպես նախազգուշացում, պատվաստվող անձը պատվաստումից հետո պետք է 30 րոպե մնա պոլիկլինիկայում:
Ցավոք, ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութի հետ կապված կողմնակի ազդեցությունների կամ քրոնիկ առողջական խնդիրների հետ կապված լուրերը շրջանառվում են սոցիալական ցանցերում, դեռահասների շրջանում: Ավելի քան 270 մլն չափաբաժնի լայնատարած ուսումնասիրությունները և անվտանգության ընթացիկ մոնիթորինգը, որը ներդրված է ողջ աշխարհում, մինչ օրս, չեն ապացուցում որևէ նման հղում:
Եթե ինչ-որ անսպասելի դեպք տեղի ունենա, տեղեկացրեք բժշկին: Բոլոր նման հաղորդումները լրջորեն ուսումնասիրվում են, տեսնելու համար, արդյո՞ք առաջացած երևույթները կապված են պատվաստանյութի հետ, թե՞ կարող է լինել այլ պատճառ:

Հղումներ՝

http://apps.who.int/iris/bitstream/10665/255353/1/WER9219.pdf?ua=1

http://www.who.int/biologicals/areas/vaccines/Annex_4_Recommendations_recombinant_human_papillomavirus_virus-like_particle_vaccines.pdf?ua=1,

http://wspid.kenes.com/Documents/WSPID All Abstracts.pdf

http://apps.who.int/iris/bitstream/10665/70505/1/WHO_IVB_10.12_eng.pdf

http://www.merck.com/product/usa/pi_circulars/g/gardasil/gardasil_pi.pdf

https://www.cdc.gov/vaccines/hcp/vis/vis-statements/hpv.html

https://www.fda.gov/ForConsumers/ByAudience/ForWomen/ucm118530.htm

https://www.fda.gov/BiologicsBloodVaccines/SafetyAvailability/VaccineSafety/ucm179549.htm

Աշխարհի ո՞ր երկրներում է կիրառվում ՄՊՎ-ի դեմ պատվաստումը:

Վերջին 10 տարվա ընթացքում աշխարհի 74 երկրում, այդ թվում եվրոպական 33 երկրում` Մեծ Բրիտանիայում, Բելգիայում, Դանիայում, Նիդերլանդներում, Պորտուգալիայում, Շվեյցարիայում, ինչպես նաև՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում  ներդրվել են մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումները և իրականացվել է մոտ 270 մլն դեղաչափ ՄՊՎ-ի դեմ պատվաստում, որի արդյունքում հավաքագրվել են համոզիչ փաստարկներ ՄՊՎ-ի դեմ պատվաստումների անվտանգության և արդյունավետության վերաբերյալ: 

Հղումներ՝    

ԱՄՆ

https://www.fda.gov/BiologicsBloodVaccines/SafetyAvailability/VaccineSafety/ucm179549.htm

https://academic.oup.com/jid/article-lookup/doi/10.1093/infdis/jit192,

https://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/25681664

ՖՐԱՆՍԻԱ

http://www.immunize.org/vis/vis_french.asp

 http://sanevax.org/france-are-hpv-vaccines-necessary/

http://sanevax.org/french-petition-hpv-vaccines/

 https://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/26309144

 ԿԱՆԱԴԱ

https://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/25917991

 ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

http://www.pharmaceutical-journal.com/research/perspective-article/the-impact-of-the-

https://wwwnc.cdc.gov/eid/article/22/1/15-0736_article

Աուտիզմի առաջացման ռիսկի գործոններ և բնութագրիչ փաստեր

1998թ. «Լանցետ» հանդեսում հրապարակվեց հետազոտություն, որում անհանգստություն էր արտահայտվել կարմրուկ-կարմրախտ-խոզուկի դեմ պատվաստանյութի և աուտիզմի միջև հավանական կապի վերաբերյալ: Սակայն հետազոտության մեջ հայտնաբերվեցին լուրջ բացթողումներ և այն ետ կանչվեց հրապարակող հանդեսի կողմից: Ցավոք այդ հոդվածի հայտնվելը խուճապ առաջացրեց, որի արդյունքում նվազեցին կարմրուկի դեմ պատվաստումների ցուցանիշները, որն էլ առաջացրեց կարմրուկի բռնկումներ ամբողջ աշխարհում:
2003 թվականից սկսած ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման կենտրոնների կողմից, որը համարվում է ապացուցողական բժշկության ամենահիմնավոր տեղեկատվություն տրամադրող կազմակերպությունն ամբողջ աշխարհում, իրականացվել են ինը գիտական հետազոտություններ` պատվաստանյութերի, նրանցում պարունակվող նյութերի և աուտիզմի միջև հավանական կապի պարզաբանման վերաբերյալ, որոնց արդյունքում վերջնականապես ժխտվել է աուտիզմի և պատվաստումների միջև պատճառահետևանքային կապը, մասնավորապես, հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ.

1.Աուտիզմ գրանցվում է ինչպես պատվաստված, այնպես էլ չպատվաստված երեխաների մոտ:
2.Պատվաստանյութերի բաղադրությունում աննշան քանակությամբ առկա թիոմերսալի և աուտիզմի, ինչպես նաև նյարդային համակարգի զարգացման խանգարումների առաջացման միջև պատճառահետևանքային կապը բացակայում է:
3.Մեկ ձվաբջջից զարգացած երկվորյակների մոտ, եթե մեկի մոտ առկա են աուտիզմի ախտանշաններ, ապա մյուսի մոտ ժամանակի ընթացքում 36-95%-ով կզարգանան աուտիզմի ախտանշաններ:
4.Երկու ձվաբջջից առաջացած երկվորյակների մոտ, եթե մեկի մոտ առկա են աուտիզմի ախտանշաններ, ապա մյուսի մոտ ժամանակի ընթացքում 0-31%-ով կզարգանան աուտիզմի ախտանշաններ:
5.Աուտիզմով հիվանդ երեխա ունեցող ծնողների հաջորդ երեխան 2%–18% հավանականությամբ կունենա աուտիզմ:
6.Աուտիզմն առավել հաճախ առաջանում է այն մարդկանց մոտ, ովքեր ունեն որոշակի գենետիկ կամ քրոմոսոմային խանգարումներ:
7.Աուտիզմով երեխաների մոտ 10%-ը ունեն նաև Դաունի համախտանիշ, Մարտին-Բելի համախտանիշ /fragile X syndrome/ կամ այլ գենետիկ (քրոմոսոմային) խանգարումներ:
8.Վաղաժամկետ ծնված կամ ցածր քաշով նորածինների փոքր տոկոսը աուտիզմի զարգացման բարձր ռիսկի խմբում են:
9.Աուտիզմը համակցվում է զարգացման, հոգեբուժական, նյարդաբանական, քրոմոսոմային և գենետիկ այլ հիվանդությունների հետ: Զարգացման 1 կամ ավել արատների հետ համակցումը կարող է հանդիպել 83%, իսկ 1 կամ ավել հոգեբուժական ախտորոշումների հետ համակցումը` 10% դեպքերում:
10.Սովորաբար աուտիզմով երեխաների ծնողները ախտանշանները /զարգացման, ուշադրության խնդիրներ/ նկատում են մինչև երեխայի ծննդյան առաջին տարեդարձը:


Հղում`
http://www.cdc.gov/vaccinesafety/concerns/autism.html 

http://www.cdc.gov/ncbddd/autism/data.html

Կեղծ տեսակետներ պատվաստումների մասին

Կեղծ տեսակետ 1. Սանիտարահիգիենիկ պայմանների բարելավումը հանգեցնում է հիվանդությունների վերացմանը, հետևաբար պատվաստումների կարիք չկա: Ճիշտ չԷ:

Չնայած, որ սանիտարահիգիենիկ պայմանների բարելավումը, ձեռքերի լվացումը և մաքուր ջուրը պաշտպանում են մարդուն մի շարք վարակիչ հիվնադություներից, այնուամենայնիվ պատվաստումներով կանխարգելվող հիվանդությունները նորից կարող են հայտնվել, եթե պատվաստումները դադարեցվեն, քանի որ բազմաթիվ հիվանդություններ տարածվում են անկախ հիգիենիկ պայմաններից: Եթե ազգաբնակչությունը պատվաստված չէ, ապա հազվադեպ հանդիպող հիվանդությունները կարող են նորից վերադառնալ, օրինակ կարմրուկը, պոլիոմիելիտը:

Կեղծ տեսակետ 2. Պատվաստանյութերը առաջացնում են մի շարք վնասակար և երկարատև կողմնակի երևույթներ, որոնք դեռ հայտնի չեն: Պատվաստումը նույնիսկ կարող է նույնիսկ մահվան պատճառ դառնալ: Ճիշտ չԷ:

Պատվաստանյութերը սովորաբար անտանգ են: Մեծամասամբ պատվաստանյութերն առաջացնում են թեթև և ժամանակավոր երևույթներ, օրինակ ցավոտություն ներարկման տեղում, ջերմության բարձրացում: Լուրջ կողմնակի երևույթներ առաջանում են շատ հազվադեպ և մանրամասն ուսումնասիրվում ու հետաքննվում են: Ձեր մոտ լուրջ խնդիրներ կարող են առաջանալ տվյալ հիվանդությամբ հիվանդանալու դեպքում, քան պատվաստման հետևանքով: Օրինակ, պոլիոմիելիտը առաջացնում է կաթված, կարմրուկը` էնցեֆալիտ, կուրություն, իսկ որոշ հիվանդություններ կարող են հանգեցնել նաև մահվան: Պատվաստումների օգուտը գերակշռում է պատվաստումներին վերագրվող ռիսկին: Առանց պատվաստումների ավելի բարձր կլինի հիվանդացությունը, ավելի շատ կլինեն հաշմանդամության և մահվան դեպքերը:

Կեղծ տեսակետ 3. Դիֆթերիայի, կապույտ հազի և փայտացման դեմ համակցված, ինչպես նաև պոլիոմիելիտի դեմ պատվաստանյութերն առաջացնում են կրծքի հասակի երեխաների հանկարծամահություն: Ճիշտ չԷ:

Չկա պատճառահետևանքային կապ պատվաստումների և կրծքի հասակի երեխաների հանկարծամահության միջև: Սակայն պատվաստումներն իրականացվում են անյ ժամանակահատվածում, երբ կարող է առաջանալ կրծքի հասակի երեխաների հանկարծամահության համախտանիշը, այսինքն հանկարծամահությունը կարող է համընկնել պատվաստումների հետ կամ առաջանալ առանց պատվաստման: Կարևոր է հիշել, որ այս չորս հիվանդությունները կարող են մահվան, ծանր հաշմանդամության պատճառ հանդիսանալ և երեխաներին չպատվաստելով ենթարկում ենք ավելի մեծ ռիսկի:

Կեղծ տեսակետ 4. Այն հիվանդությունները, որոնք կանխարգելվում են պատվաստանյութերով, իմ երկրում համարյա վերացել են, հետևաբար հիմքեր չկան պատվաստում ստանալու: Ճիշտ չԷ:

Չնայած որ պատվաստանյութերով կանխարգելվող հիվանդությունները շատ երկրներում հազվադեպ են հանդիպում, այնուամենայնիվ նրանց հարուցիչները շրջանառում են շրջակա միջավայրում: Այս հարուցիչները կարող են հատել սահմանները և ցանկացած պահին չպաշտպանված անհատը կարող է վարակվել: Օրինակ, Արևմտյան Եվրոպայում 2005 թվականին կարմրուկի բռնկում արձանագրվեց չպատվաստված ազգաբնակչության շրջանում /Ավստրիայում, Բելգիայում, Դանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Շվեյցարիայում և Միացյալ Թագավորությունում/: Այսպիսով կա երկու հիմնավոր պատճառ կատարելու պատվաստումները՝ պաշտպանված լինել և պաշտպանել մեզ շրջապատող մարդկանց: Հաջողված իմունականխարգելման ծրագրերը, ինչպես նաև հասարակությունը և յուրաքանչյուր անհատ համատեղ ապահովում են ընդհանուր բարեկեցությունը: Մենք չպետք է մտածենք, որ հիվանդության տարածումը կկանխեն մեզ շրջապատող մարդիկ, այլ ինքներս նույնպես պետք է ջանք գործադրենք այդ նպատակի համար:

Կեղծ տեսակետ 5. Պատվաստանյութերով կանխարգելվող մանկական հիվանդությունները «կյանքի անցանկալի իրողություն» են: Ճիշտ չԷ:

Պատվաստանյութով կանխվող հիվանդությունները չպետք է լինեն «կյանքի անցանկալի իրողություն»: Այնպիսի հիվանդությունները, ինչպիսիք են կարմրուկը, խոզուկը և կարմրախտը լուրջ հիվանդություններ են և երեխաների ու մեծահասակների մոտ կարող են առաջացնել բարդություններ՝ թոքաբորբ, էնցեֆալիտ, կուրություն, փորլուծություն, ականջաբորբ, բնածին կարմրախտի համախտանիշ (եթե կինը հղիության առաջին շրջանում վարակվել է կարմրախտով ) և մահ: Այս բոլոր հիվանդությունները և տառապանքները կարելի է կանխել պատվաստումների միջոցով: Այս հիվանդությունների դեմ առանց պատվաստման երեխաներն առավել խոցելի են:

Կեղծ տեսակետ 6. Միաժամանակ մեկ պատվաստումից ավել ներարկումը կարող է ունենալ կողմնակի ազդեցություն, կարող է ծանրաբեռնել երեխայի իմուն համակարգը: Ճիշտ չԷ:

Ըստ գիտահետազոտական տվյալների, մի քանի պատվաստանյութերի միաժամանակ ներմուծումը երեխայի իմուն համակարգի վրա չունի անբարեհաջող ազդեցություն: Երեխաները ամեն օր ենթարկվում են հարյուրից ավել օտար ազդակների ազդեցությանը, որոնք առաջացնում են իմուն պատասխան: Սովորաբար սննդամթերքի միջոցով օրգանիզմ են թափանցում բազմաթիվ հակամարմիններ, իսկ բերանի և քթի խոռոչում բնակվում են բազմաթիվ բակտերիաներ: Երեխան ենթարկվում է մեծ քանակի հակամարմինների ազդեցության մրսածության կամ անգինայի ժամանակ ավելի շատ, քան պատվաստման ընթացքում:

Միաժամանակ մի քանի պատվաստում կատարելու հիմնական առավելություններն են՝ կրճատվում է պոլիկլինիկա այցլությունների թիվը, որը կտնտեսի ժամանակ և գումար, բարձրանում է հավանականությունը, որ երեխան կստանա անհրաժեշտ պատվաստումներն առանց խախտելու ազգային օրացույցի ժամկետները: համակցված պատվաստումների կիրառումը նպաստում է ներարկումների կրճատմանը, օրինակ, կարմրուկի, խոզուկի և կարմրախտի դեմ համակցված պատվաստանյութի օգտագործումը:

Կեղծ տեսակետ 7.Գրիպը տհաճ հիվանդւթյուն է և պատվաստումը արդյունավետ չէ: Ճիշտ չԷ:

Գրիպը ավելին է, քան տհաճ հիվանդւթյուն: Այն լուրջ հիվանդություն է, որն ամբողջ աշխարհում տարեկան 300-500 հազար մահվան պատճառ է հանդիսանում: Ռիսկի խումբ են կազմում հղի կանայք, փոքր տարիքի երեխաները, տարեցները, սիրտ-անոթային, շնչառական համակարգի խրոնիկ հիվանդները: Հղի կանանց պատվաստումը երկակի դրական ազդեցություն ունի, այն պաշտպանում է նաև նորածիններին /քանի որ չկա գրիպի պատվաստանյութ 6 ամսականից ցածր երեխաների համար/: Պատվաստումը ապահովում է պաշտպանություն յուրաքանչյուր սեզոնին շրջանառվող երեք ամենատարածված շտամերի նկատմամբ: Գրիպի դեմ պատվաստանյութը լավագույն մեթոդն է նվազեցնել ծանր գրիպով հիվանդացության հնարավորությունը և չվարակել շրջապատի մարդկանց: Խուսափել գրիպից նշանակում է խուսափել լրացուցիչ ծախսերից:

Կեղծ տեսակետ 8.Ավելի լավ է իմունիտետ ձեռք բերել հիվանդանալու արդյունքում, քան պատվաստման: Ճիշտ չԷ:

Պատվաստանյութերը փոխազդում են իմունային համակարգի հետ` առաջացնելով իմուն պատասխան, որը նման է բնական վարակի նկատմամբ առաջացած իմուն պատասխանին, սակայն պատվաստանյութերը հիվանդություն չեն առաջացնում և պատվաստվածին հավանական բարդությունների ռիսկի չեն ենթարկում: Ի տարբերություն դրան, բնական վարակի արդյունքում անընկալություն ստանալու համար հնարավոր է, ստիպված լինեք վճարել, հեմոֆիլուսային Բ տիպի վարակի (Hib) առաջացրած մտավոր հետամնացությամբ, կարմրախտի հետևանքով` բնածին արատներով, վիրուսային հեպատիտ Բ-ից` լյարդի քաղցկեղով կամ կարմրուկից` մահով:

Կեղծ տեսակետ 9.Պատվաստանյութերը պարունակում են առողջության համար վնասակար սնդիկ Ճիշտ չԷ:

Թիոմերսալը սնդիկ պարունակող օրգանական նյութ է, որն ավելացնում են որոշ պատվաստանյութերի մեջ որպես կոնսերվանտ: Սա բազմադեղաչափ շշիկներով առաքվող պատվաստանյութերի մեջ կիրառվող ամենատարածված կոնսերվանտն է: Գոյություն չունեն առողջության համար վնասակար լինելու վերաբերյալ տվյալներ թիոմերսալի` պատվաստանյութերում օգտագործվող քանակի վերաբերյալ:

Կեղծ տեսակետ 10.Պատվաստանյութերն առաջացնում են աուտիզմ: Ճիշտ չԷ:

1998թ. հետազոտության մեջ, որտեղ անհանգստություն էր արտահայտվել կարմրուկ-կարմրախտ-խոզուկի դեմ պատվաստանյութի և աուտիզմի միջև հավանական կապի վերաբերյալ, արդյունքում հայտնաբերվեցին լուրջ բացթողումներ և այն ետ կանչվեց հրապարակող ամսագրի կողմից: Ցավոք նրա հայտնվելը խուճապ առաջացրեց, որի արդյունքում նվազեցին պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշները և հետևեցին այդ հիվանդությունների բռնկումները: Կարմրուկ-կարմրախտ-խոզուկի դեմ համակցված պատվաստանյութի և աուտիզմի կամ աուտիկ խանգարումների միջև կապի առկայությունը հաստատող տվյալները բացակայում են:

Ե՞րբ պետք է պատվաստվի երեխան:

Երեխան պատվաստումները պետք է ստանա ՀՀ կառավարության  09.11.2017թվականի թիվ 47 արձանագրային որոշմամբ հաստատված «Պատվաստումների ազգային օրացույցով»:

Պատվաստումների ազգային օրացույց

Պատվաստումների ազգային օրացույցից շեղումների դեպքում (ուշացումներ, հետաձգումներ տարբեր պատճառներով) անհրաժեշտ է պատվաստումների հաջորդ դեղաչափերը կատարել հնարավորինս շուտ՝ պահպանելով նույնանուն պատվաստանյութի դեղաչափերի միջև առնվազն 4 շաբաթ ընդմիջում: Դա այն ժամկետն է, երբ նախորդ պատվաստումից հետո ձևավորվում է հակամարմինների անհրաժեշտ քանակ, այսինքն 4 շաբաթից շուտ կատարելու դեպքում երեխայի մոտ լիարժեք իմունիտետ չի ձևավորվում, սակայն  երեխայի կյանքին դրանից վտանգ չի սպառնում կամ որևէ առողջական խնդիր չի առաջացնում, այլ պարզապես օրգանիզմի իմուն համակարգը իներտ է մնում այդ նոր դեղաչափին:

Ի°նչ պետք է անել պատվաստումից առաջ:

Պատվաստումից առաջ բժիշկը պետք է գնահատի երեխայի առողջական վիճակը: Գնահատման արդյունքում, եթե երեխան առողջ է՝ կատարվում է պատվաստում, իսկ եթե հայտնաբերվում է որևէ ախտաբանական երևույթ, ապա պատվաստումը հետաձգվում է՝ մինչև երեխայի առողջանալը:

Պատվաստումից առաջ չի կարելի երեխային տալ ջերմիջեցնող դեղորայք:

Պատվաստումից առաջ չի կարելի երեխային տալ հակաալերգիկ դեղորայք:

Ի՞նչ է սպասվում պատվաստումից հետո և ի՞նչ պետք է անել:

Պատվաստումից պետք է հետո մնալ բուժհաստատությունում ՝ առնվազն 30 րոպե, հետպատվաստումային որևէ լուրջ խնդիր առաջանալու դեպքում առաջին օգնություն ցուցաբերելու համար (տվյալ պատվաստանյութից կամ նրա որևէ բաղադրիչից օրգանիզմի անհատական ռեակցիա, ինչպես օրինակ՝ մեղվի կծելուց, տարբեր դեղորայքներից որոշ անձանց մոտ առաջանում է ծանր ալերգաբանական ռեակցիա):

Պատվաստումից հետո առաջին 48 ժամվա ընթացքում կարող են նկատվել ջերմության բարձրացում, ցավ, անհանգստություն կամ տեղային ռեակցիա՝ ներարկման տեղում այտուց, կարմրություն:

Ջերմությունը 38,5-ից բարձրանալու դեպքում անհրաժեշտ է տալ ջերմիջեցնող:

Ներարկման տեղում այտուց կամ կարմրություն առաջանալու դեպքում՝ դնել միայն սառը թրջոց (ծորակի ջրով):

ՊԱՏՎԱՍՏՈՒՄԻՑ ՀԵՏՈ …
Պատվաստումից հետո Ձեր երեխային անհրաժեշտ է ավելի շատ սեր, խնամք և հոգատարություն: Որոշ պատվաստումներ, որոնք պաշտպանում են երեխային ծանր հիվանդություններից, կարող են առաջացնել ժամանակավոր անհանգստություն: Պատվաստումները կարող են լինել ցավոտ, բայց հիվանդությունն ավելի մեծ վնաս է առաջացնում: Ստորև այն հարցերի պատասխաններն են, որոնք հաճախ առաջանում են ծնողների մոտ երեխայի պատվաստումից հետո: 

Անհապաղ զանգահարեք Ձեր բժշկին, եթե Դուք դրական եք պատասխանել ստորև նշված որևէ հարցի

  • Ձեր երեխայի ջերմությունը բարձր է, որն ըստ բժշկի ցուցումների անհանգստացնող է
  • Ձեր երեխան գունատ է և թորշոմած, թույլ
  • Ձեր երեխան անընդհատ լացում է՝ 3 ժամ և ավելի
  • Ձեր երեխան դողում է, վեր է թռչում կամ ցնցվում է
  • Ձեր երեխան նկատելի պասսիվ է, թույլ է արձագանքում շրջապատին

Ե՞րբ և ինչպե՞ս իջեցնել երեխայի ջերմությունը:

Ջերմությունը հարկավոր է իջեցնել, եթե այն 38,5 °C և բարձր է: Ջերմիջեցնող դեղորայքը նշանակվում է բժշկի կողմից երեխայի քաշին կամ տարիքին համապատասխան դեղաչափով: Ջերմությունն իջեցնելու համար Դուք կարող եք ձեռնարկել որոշակի միջոցառումներ.

Երեխային հաճախ կերակրեք, տվեք հեղուկներ, եթե երեխան ավելի մեծ տարիքի է: Թեթև հագցրեք, մի ծածկեք և մի փաթաթեք:

Երեխային տվեք ջերմիջեցնող կամ ցավազրկող բժշկի խորհրդով՝ ըստ երեխայի քաշի կամ տարիքի: Մեկ ժամ անց նորից չափեք ջերմությունը: Եթե Դուք հարցեր ունեք, զանգահարեք բժշկին:

Չի կարելի՝

  • Ջերմող երեխայի մարմնին հպել սառը իրեր: Դա կնպաստի մաշկի անոթների սպազմին: Երեխայի մաշկի ջերմության իջեցումը վտանգավոր է, քանի որ այն կբերի ներքին օրգանների ջերմաստիճանի բարձրացմանը:
  • Մարմինը շփել սպիրտով կամ քացախով, քանի որ նշված նյութերը կարող են ներծծվել մաշկի միջոցով՝ առաջացնելով թունավորում:

Եթե Ձեր երեխայի մաշկը բարձր ջերմության ժամանակ վարդագույն է և խոնավ, կարող եք լինել համեմատաբար հանգիստ, քանի որ դա վկայում է, որ չեն խախտվել ջերմարտադրության և ջերմատվության գործընթացները:
Եթե բարձր ջերմության ժամանակ մաշկը գունատ է, ձեռքերն ու ոտքերը սառը, իսկ երեխան դողում է, դա վկայում է անոթների սպազմի մասին: Այսպիսի դեպքերում պետք է բացառել բոլոր ֆիզիկական հովացնող մեթոդները՝ սառը ցնցուղ, սառը սավանով փաթաթելը և այլն: Անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի:

Ի՞նչ դեղորայք ընտրել

Դեղորայքը ընտրելուց /հեղուկ, օշարակ, հաբ, մոմիկ/ անհրաժեշտ է հաշվի առնել, որ դեղերը հեղուկ և օշարակ վիճակում ազդում են 20-30 րոպեի ընթացքում, մոմիկը՝ 30-45 րոպեի ընթացքում: Մոմիկն օգտագործում են, եթե երեխան փոքր է, փսխում է կամ հրաժարվում է խմել:

Ի՞նչ անել, եթե պատվաստումից հետո երեխան շատ անհանգիստ է:

Պատվաստումից հետո երեխան ցավից և ջերմությունից կարող է նյարդայնանալ և լինել անհանգիստ: Անհանգստությունը մեղմելու համար երեխային կարող եք տալ ցավազրկող, որը նույն ջերմիջեցնողն է: Եթե ներարկաման տեղը այտուցվել է և կա կարմրություն, ապա անհանգստությունը նվազեցնելու համար այտուցի շրջանում պետք է դնել մաքուր լաթով ծորակի ջրով թրջոց:

Որևէ այլ միջոց ներարկման տեղի այտուցի կամ կոշտության համար չի կարելի կիրառել, քանի որ նախ ներարկման տեղից արդեն սկսում է ձևավորվել իմունիտետ և պետք չի ավելորդ միջոցներով տաքացնել կամ թրջոցներ դնել: Ոչ մեկն ապահովագրված չէ այդքան տարաբնույթ միջոցներից ալերգիկ ռեակցիաների առաջանալուց: Դրանք ներարկման տեղում հաճախ նպաստավոր պայմաններ են ստեղծում բորբոքային պրոցեսների համար:

Ցավը նվազեցնելու նպատակով պետք է տալ ցավազրկող դեղորայք, որը նույն ջերմիջեցնողն է:

Եթե երեխան հիվանդագին տեսք ունի, եթե Ձեզ մի փոքր անհանգստացնում է Ձեր երեխայի տեսքը կամ ինքնազգացողությունը, ապա զանգահարեք բժշկին:

Իսկ ինչո՞ւ այլևս չի կիրառվելու եռավալենտ պոլիոմիելիտի դեմ պատվաստանյութը

Եռավալենտ պոլիոմիելիտի դեմ պատվաստանյութը, ինչպես նաև վայրի շրջանառվող վիրուսն իր մեջ պարունակում է երեք շճատիպ՝ 1-ին, 2-րդ, 3-րդ: 1999 թվականից պոլիոմիելիտի 2-րդ շճատիպն այլևս չի շրջանառվում: Եվ վտանգ կա, որ պատվաստանյութի 2-րդ շճատիպը ինչ-ինչ պայմաններում կարող է մուտացիայի ենթարկվել, վերափոխվել վայրի շտամի և առաջացնել պատվաստանյութասոցացված պոլիոմիելիտ: Այդ պատճառով ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, դադարեցվել է 2-րդ շճատիպով կենդանի բերանային պատվաստանյութի կիրառումը:

Տեղեկատվություն վիրուսային հեպատիտ Բ-ի դեմ պատվաստումների վերաբերյալ

Ամբողջ աշխարհում տարեկան 1.4 մլն մարդ մահանում է վիրուսային հեպատիտներից և դրանց հետևանքով առաջացած լյարդի ցիռոզից և քաղցկեղից:

Հայաստանի Հանրապետությունում 1999 թվականին ներդրվեցին Հեպատիտ Բ-ի դեմ կանխարգելիչ պատվաստումները, որից հետո Հայաստանում սկսեց դիտվել վիրուսային հեպատիտ Բ-ի հիվանդացության կտրուկ նվազում: Եթե մինչև պատվաստումների հեպատիտ Բ-ի իրականացումը և մեծահասակների, և մինչև 14 տարեկան երեխաների շրջանում նկատվում էր համաչափ նվազում` 2,5%, ապա 1999թ. պատվաստումների ներդրումից հետո, հատկապես մանկական ազգաբնակչության շրջանում, արձանագրվել է հիվանդացության կտրուկ նվազում` 140 անգամ (ցուցանիշը 9.8-ից նվազել է 0.07-ի): Այժմ մինչև 14 տարեկանների շրջանում չեն գրանցվում սուր հեպատիտ Բ-ի դեպքեր, որի արդյունքում քրոնիկ հեպատիտ Բ-ի դեպքերի հետագա նվազեցման միջոցով հնարավոր կլինի ապագայում վերահսկել նաև լյարդի առաջնային քաղցկեղը: Սա վիրուսային հեպատիտ Բ-ի կանխարգելման գործում պատվաստումների անհրաժեշտության, կարևորության և արդյունավետության վառ ապացույցն է:

Ինչպես բոլոր պատվաստումների, այնպես էլ հեպատիտ Բ-ի պատվաստումների համար կան հակացուցումներ, դրանք են`

  • Ծանր ալերգաբանական ռեակցիան և անաֆիլաքսիան, որն առաջացել է նախորդ պատվաստումից հետո:
  • Էնցեֆալոպաթիա (կոմա, գիտակցության մթագնում, երկարատև` 15 րոպեից ավելի ցնցումներ), որն առաջացել է նախորդ պատվաստումից հետո 7 օրվա ընթացքում:
  • Սուր ընթացքով վարակիչ և սոմատիկ հիվանդությունները` միջին և ծանր, ջերմությամբ կամ առանց ջերմության նաև քրոնիկ հիվանդությունների սրացման շրջանը:
  • Ցածր քաշը, եթե նորածինների մոտ առկա է մինչև 1700գ:

Ինչու՞ են անհրաժեշտ պատվաստումները:

Պատվաստումները լավագույն միջոցն են պաշտպանվելու այնպիսի վարակներից ինչպիսիք են դիֆթերիան, փայտացումը, պոլիոմիելիտը, կապույտ հազը, կարմրուկը, կարմրախտը, խոզուկը, վիրուսային հեպատիտ Բ-ն, մենինգիտները և թոքաբորբերը` պայմանավորված պնևմակոկային և հեմոֆիլուսային Բ տիպի վարակներով, ռոտավիրուսային վարակները։ Պատվաստումներն անհրաժեշտ են.

  • Որպեսզի կանխարգելվի հիվանդացման դեպքը
  • Որպեսզի կանխարգելվի մահը կամ հաշմանդամությունը
  • Որպեսզի վարակներից պաշտպանվեն բնակչության ստվար զանգվածները

Պատվաստանյութերը պատրաստված են հիվանդություն առաջացնող մանրէներից, որոնք փոփոխված են այնպես, որ մարդկանց չվնասելով միաժամանակ ապահովեն վստահելի պաշտպանություն։

Պատվաստանյութն օրգանիզմում առաջացնում է համապատասխան հակամարմիններ, որոնք բնական վարակի հետ հանդիպելու դեպքում պաշտպանում են հիվանդանալուց։ Իսկ եթե նույնիսկ պատվաստված երեխան հիվանդանում է, ապա հիվանդությունն ընթանում է անհամեմատ թեթև։ Վարակիչ հիվանդությունները շատ արագ են տարածվում։ Սակայն այդ տարածումը կարելի է կանգնեցնել միայն այն պարագայում, երբ տվյալ բնակավայրում պատվաստված մարդկանց թիվը բավարար մակարդակի է (95%-ից ոչ պակաս)։ Համայնքում որքան շատ են պատվաստված երեխաները (նաև մեծահասակները), այնքան պաշտպանված է համայնքի յուրաքանչյուր անդամը։

Ինչո՞ւ է անհրաժեշտ կապույտ հազի դեմ պատավաստումը, չէ որ միևնույն է պատվաստվածներն էլ են հիվանդանում:

Կապույտ հազով հիվանդացության ցուցանիշն ամբողջ աշխարհում  բարձր է: Մեծահասկաների մոտ կապույտ հազի հիպոդիագնոստիկան բավականին տարածված համաշխարհային խնդիր է: Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ կապույտ հազը մեծահասակների մոտ քրոնիկ հազի հիմնական պատճառներից մեկն է: Այդ հիվանդները հանդիսանում են կապույտ հազի հարուցչի՝ Bordetella pertussis-ի պահոց, փոխանցելով վարակը նորածիններին, որոնք դեռ չեն հասցրել ստանալ առաջին պատվաստումը կամ մեծ տարիքի երեխաներին, որոնք չեն հասցրել պատվաստվել՝ տարբեր պատճառներով: 

Առավել մանրամասն հետևյալ նյութում՝ Կապույտ հազ

Ինչո՞ւ է անհրաժեշտ կարմրախտի դեմ պատվաստումը, չ՞է որ այն թեթև մանկական վարակ է:

Այս պարագայում շատ ավելի վտանգավոր են կարմրախտից առաջացած բարդությունները, ինչպիսին է էնցեֆալիտը, սակայն դրանք ավելի հազվադեպ են հանդիպում: Նյարդաբանական բարդություններից են նաև էնցեֆալոմիելիտները, միելիտները, պոլինևրիտները:

Կարմրախտային էնցեֆալիտն ընթանում է ծանր, մահացությունը կազմում է 25%:

Կարմրախտով հիվանդանում են ավելի մեծ տարիքի երեխաները, չնայած կարմրախտի ժամանակ էնցեֆալիտները հազվադեպ են հանդիպում: Նյարդաբանական բարդություններից բացի կարմրախտի ժամանակ կարող է զարգանալ նաև արթրիտ, տրոմբոցիտոպենիկ ծիրանացան: Սակայն կարմրախտի դեմ պատվաստումները կատարվում են ոչ միայն բարդություններից խուսափելու համար, այլ նաև ներարգանդային կյանքում պտղի վարակը և բնածին կարմրախտային համախտանիշը կանխարգելելու նպատակով: Հղիության առաջին 8 շաբաթում պտղի վարակը բերում է 40-50% վիժման, 12-րդ շաբաթում՝ 15-60% բնածին արատների զարգացման:

Բնածին կարմրախտային համախտանիշի բնորոշ արտահայտություններից է բնածին կուրությունը, խլությունը և սրտի բնածին արատը (Գրեգգի տրիադան): Բացի նշված տրիադայից, բնածին կարմրախտային համախտանիշի ախտանշաններից է հեպատոսպլենոմեգալիան (լյարդի և փայծախի մեծացումը), թոքաբորբը, կենտրոնական նյարդային համակարգի, մարսողական և միզասեռական համակարգի, տարբեր ախտահարումներ, թրոմբոցիտոպենիա, սակավարյունություն, հիպոտրոֆիա, ֆիզիկական զարգացման դանդաղում, որոնք 75% դեպքերում ուղեկցում են վեըը նշված արատների տրիադան:
Շատ բնորոշ է, որ պտղի ախտահարումը կարող է տեղի ունենալ նույնիսկ մոր մոտ հիվանդության շատ ատիպիկ կյինիկական ախտանշանների առկայության դեպքում, նույնիսկ երբ հղիի մոտ կլինիկական ախտանշանները լրիվ բացակայում են: Այս իրավիճակի և կարմրախտին բնորոշ շատ քիչ ախտանշանների շնորհիվ, բնածին կարմրախտային համախտանիշը հաճախ չի ախտորոշվում:

Կարմրախտային վարակից և բարդություններից պաշտպանվելու հուսալի միջոցը օրացուցային ժամկետներում կատարված պատվաստումներն են՝ ԿԿԽ համակցված պատվաստանյութով:
Մեկ ներարկումով երեխան պաշտպանվում է երեք հիվանդություններից՝ կարմրուկ, կարմրախտ, խոզուկ: ԿԿԽ-ի առաջին դեղաչափը երեխան պետք է ստանա մեկ տարեկանում, իսկ երկրորդը՝ 6 տարեկանում:

Ի՞նչ է պոլիոմիելիտը:

Պոլիոմիելիտը բարձր վարակելիության վիրուսային հիվանդություն է, որի հարուցիչն ունի 3 շճատիպ (1-ին, 2-րդ, 3-րդ): Հիմնականում հիվանդանում են 2-ից 5 տարեկան երեխաները։ Վարակը հիվանդ մարդուց փոխանցվում է կղանքաբերանային ճանապարհով։ Այն շատ հեշտ փոխանցվում է մարդուց մարդուն և արագ տարածվում ազգաբնակչության շրջանում: Գաղտնի շրջանը 9-ից 14 օր է, ընթանում է ընդհանուր թուլությամբ, ախորժակի կորստով, գլխացավերով և քնի խանգարումով։ Վիրուսն ունի նյարդալուծիչ հատկություն և անկախ թափանցման ուղիներից ֆիքսվում է ողնուղեղի գոտկային, հազվադեպ՝ պարանոցային հատվածի առաջային եղջյուրներում, ախտահարհում է նյարդային համակարգը, առաջացնում է կայուն հաշմանդամություն: Վարակված մարդկանց մեծ մասի մոտ (90%) հիվանդության ախտանշանները կարող են կամ բացակայել կամ շատ թեթև արտահայտվել: 200-ից մեկ անձի մոտ վարակը բերում է կայուն կաթվածի, նույնիսկ մահվան (մարմնի տարբեր մասերի շարժունակության բացակայության):  
Հայաստանի Հանրապետությունում 1995 թվականից չի արձանագրվել պոլիոմիելիտ հիվանդությունը, որը նախկինում տարեկան առնվազն 2-3 երեխայի կայուն հաշմանդամության պատճառ էր դառնում: 2002 թվականին Հայաստանը, ի թիվս եվրոպական տարածաշրջանի երկրների, հռչակվել է «պոլիոմիելիտից ազատ» երկիր և առ այսօր հաջողությամբ պահպանում է այդ կարգավիճակը:

Որո՞նք են պատվաստումների հակացուցումները:

Պատվաստումից առաջ երեխայի առողջական վիճակը և հակացուցումների առկայությունը գնահատվում է պոլիկլինիկայում` տեղամասային բժշկի կողմից, իսկ անհրաժեշտության դեպքում՝ այս նպատակով կազմավորված մասնագիտական հանձնաժողովի։

1)Պատվաստման միակ բացարձակ հակացուցումը տվյալ պատվաստանյութի նախորդ դեղաչափից առաջացած անաֆիլաքսիան է: Պատվաստանյութերի կամ պատվաստանյութի որևէ բաղադրիչի նկատմամբ` ծանր ալերգաբանական ռեակցիա կամ անաֆիլաքսիա (տարածուն եղնջացան, սուլող շնչառություն, բերանի և կոկորդի այտուց, դժվարացած շնչառություն, հիպոթենզիա և շոկ) նախորդ պատվաստումից հետո:
2)Ժամանակավոր հակացուցում՝
ա.Կապույտ հազի բաղադրիչ պարունակող համակցված պատվաստանյութերի համար` էնցեֆալոպաթիա (կոմա, գիտակցության մթագնում, երկարատև` 15 րոպեից ավել տևող ցնցումներ) նախորդ պատվաստումից հետո` 7 օրվա ընթացքում:
բ.Սուր սոմատիկ հիվանդություններ, միջին և ծանր ընթացքով:
գ.Ձեռքբերովի իմունադեֆիցիտներ (ՁԻԱՀ, իմունադեֆիցիտներ՝ պայմանավորված օնկոլոգիական հիվանդություններով, քիմիաթերապիայով, ճառագայթային բուժումով, իմունասուպրեսիա առաջացնող դեղամիջոցների երկարատև կիրառումով (օրինակ կորտիկոստերոիդներով` 2 շաբաթ և ավելի տևողությամբ՝ 2 մգ/կգ կամ 20 մգ/օրական պրեդնիզոլոն):
դ. Բնածին կամ ձեռքբերովի իմունադեֆիցիտ վիճակներ՝ հաստատված լաբորատոր և կլինիկական հետազոտություններով, կենդանի պատվաստանյութերի (ԲՑԺ, ՕՊՊ, ԿԿԽ, ԿԿ, տուլարեմիա) համար:
ե.Բոլոր պատվաստանյութերի համար` սուր վարակիչ հիվանդություններ և քրոնիկ հիվանդությունների սրացում:
զ.Հեպատիտ Բ-ի և տուբերկուլոզի դեմ պատվաստում չի կատարվում 1700 գրամից ցածր քաշ ունեցող նորածիններին:

Առողջական վիճակի հետ կապված հակացուցումների առկայության դեպքում պատվաստումը կատարվում է առողջացումից անմիջապես հետո:

Պատվաստումների սպասվող և անսպասելի դրական արդյունքները

Պատվաստումների դրական ազդեցությունը կարող է ավելի շատ լինել քան սպասվում է, այսինքն պատվաստումները կարող են դրսևորել նաև ոչ սպեցիֆիկ  /հետերոլոգիական/ ազդեցություն: Այսպես օրինակ, նորածինների տուբերկուլոզի դեմ պատվաստումները /ԲՑԺ/ նպաստում են վերին շնչուղիների վարակներով և սեպսիսով պայմանավորված հոսպիտալացումների նվազեցմանը, ընդ որում վերին շնչուղիների վարակներով պայմանավորված հոսպիտալացումների ցուցանիշները մոտ 41 %-ով, իսկ սեպսիսով պայմանավորված հոսպիտալացումների ցուցանիշները՝ 37.5%-ով:

Առավել մանրամասն հետևյալ նյութում՝ Պատվաստումների դրական ազդեցությունը

Ի՞նչ է պնևմակոկային վարակը

Պնևմակոկը (Streptococcus pneumonie) մանրէ է, որը հաճախ հայտնաբերվում է առողջ մարդկանց քիթ-ըմպանում՝ առանց որևէ հիվանդություն առաջացնելու։ Այն կարող է տարածվել մարմնի տարբեր օրգան համակարգերում և զանազան հիվանդությունների պատճառ դառնալ։ Streptococcus pneumonie-ն մանրէային թոքաբորբի հիմնական պատճառն է։
Վարակը մարդուց մարդ փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով՝ հիվանդների կամ առողջ վարակակիրների շնչուղիների արտազատուկների հետ անմիջական շփման միջոցով։ Ցանկացած ժամանակահատվածում պնևմակոկերը հայտնաբերվում են առողջ բնակչության 70%-ի քիթըմպանում։
Ներթափանցելով արյան համակարգ /բակտերեմիա/, պնևմակոկերը կարող են տարածվել և վարակել տարբեր օրգան համակարգեր՝ առաջացնելով մի շարք ծանր հիվանդություններ, որոնք հայտնի են «ինվազիվ պնևմակոկային հիվանդություն» (ԻՊՀ) հավաքական անվան տակ։
ԻՊՀ-ն մինչև 5 տարեկան երեխաների շրջանում հիվանդացման և մահվան պատճառների զգալի մասն է կազմում։ ԻՊՀ-ն ներառում է՝ թոքաբորբ, մենինգիտ, տենդային բակտերեմիա, հոդաբորբ, պերիտոնիտ, օստեոմիելիտ, միջին ականջի օտիտ, սինուսիտ, բրոնխիտ:

Պնևմակոկային վարակների դեմ ամենաարդյունավետ կանխարգելիչ միջոցը պատվաստումներն են: Այս մասին է վկայում նաև աշխարհի փորձը: Գոյություն ունի պնևմակոկային վարակի դեմ արդյունավետ և անվտանգ պատվաստանյութ, որի երեք դեղաչափն առաջարկվում է ներմուծել երեխաներին կյանքի առաջին տարվա ընթացքում․առաջինը՝ 6 շաբաթականում, երկրորդը՝ 12 շաբաթականում, երրորդը՝ 18 շաբաթականում։ Նախկինում չպատվաստված, ավելի մեծ տարիքի երեխաների՝ 12 ամսականից մինչև 5 տարեկան երեխաների պնևմակոկային պատվաստումը կատարվում է երկու դեղաչափ՝ 4-8 շաբաթ ընդմիջումով:

Պոլիոմիելիտի արմատական վերացումը հնարավոր է

Պոլիոմիելիտը բարձր վարակելիության հիվանդություն է, որի հարուցիչը վիրուս է: Այն ախտահարում է նյարդային համակարգը և կարող է առաջացնել կայուն կաթված: Պոլիոմիելիտը փոխանցվում է մարդուց մարդուն և արագ կարող է տարածվել ազգաբնակչության շրջանում: Վարակված մարդկանց մեծ մասի մոտ (90%) հիվանդության ախտանշանները կարող են կամ բացակայել, կամ շատ թեթև արտահայտվել:
200-ից մեկ անձի մոտ վարակը բերում է կայուն կաթվածի, նույնիսկ մահվան (մարմնի տարբեր մասերի շարժունակության բացակայության): Այն տարածվում է ֆեկալ-օրալ ճանապարհով:: Այն շատ հեշտ փոխանցվում է մարդուց մարդուն և արագ տարածվում ազգաբնակչության շրջանում:
Աշխարհում 1988թ. գրանցվել է պոլիոմիելիտի 350000 դեպք, 125-ը՝ էնդեմիկ երկրներից:
2013թ. գրանցվել է պոլիոմիելիտի 416 դեպք, 3-ը էնդեմիկ երկրներից:
Վայրի պոլիովիրուսները 3 շճատիպով՝
1-ին տիպ՝ գրանցվել է 416 դեպք 2013թ. այսօր շրջանառվող միակ վիրուսն է:
2-րդ տիպ՝ էլիմինացվել է 1999թ:
3-րդ տիպ՝ վերջին դեպքը գրանցվել է 2012թ., այս տիպի վերացումը փաստագրելու համար երկար ժամանակահատված է անհրաժեշտ:
Գոյություն ունի օրալ պոլիոմիելիտային պատվաստանյութի (ՕՊՊ)-ի 3 տեսակ.
•եռավալենտ ՕՊՊ – պարունակում է պոլիովիրուսի 1, 2 և 3 շճատիպերը
•երկվալենտ ՕՊՊ – պարունակում է պոլիովիրուսի 1 և 3 շճատիպերը
միավալենտ ՕՊՊ –պարունակում է մեկ շճատիպ (օրինակ 1, 2 կամ 3)

ՕՊՊ-ն պոլիոմիելիտի կանխարգելման հիմնական միջոցը: ՕՊՊ-ն անվտանգ և արդյունավետ պատվաստանյութ է, որն օգտագործվում է երեխաներին պոլիոմիելիտից պաշտպանելու համար: Վերջին տասնամյակում ամբողջ աշխարհում ավելի քան 3 միլիարդ երեխա ստացել են 10 միլիարդ դեղաչափ ՕՊՊ, որի շնորհիվ կանխարգելվել է ավելի քան 10 միլիոն պոլիոմիելիտի դեպք, հիվանդացությունը նվազել է մոտ 99%-ով: Այս պատվաստանյութը արդյունավետ պատվաստանյութ է պոլիոմիելիտի գլոբալ վերացման նպատակներին հասնելու համար: ՕՊՊ-ն պարունակում է թուլացված /ատենուացված/ պոլիովիրուսներ: Շատ հազվադեպ ՕՊՊ-ի օգտագործումը կարող է առաջացնել վակցինասոցացված պոլիոմիելիտ (ՎԱՊ), 2,4 մլն դեղաչափից՝ մեկ դեպք: Պոլիովիրուսի 2-րդ տիպը վերացվել է 1999 թվականին: Այդ պատճառով իմունականխարգելման ծրագրերը ՕՊՊ եռավալենտից 2016 թվականի ապրիլից անցնել են երկվալենտ ՕՊՊ-ի կիրառման, մինչև 1-ին և 3-րդ տիպերի շրջանառության դադարեցումը: Սակայն բոլոր երկրները պետք է ապահովեն առնվազն մեկ դեղաչափ ԻՊՊ-ի ներդրումը:  Վայրի պոլիովիրուսի 1-ին և 3-րդ տիպերի շրջանառության դադարեցումից հետո կդադարեցվի ՕՊՊ պատվաստանյութի բոլոր տեսակների պլանային օգտագործումը:
Յուրաքնչյուր երկիր ունի իր «Կանխարգելիչ պատվաստումների օրացույցը»: Երկրները կարող են կիրառել ՕՊՊ կամ ԻՊՊ առանձին կամ համակցված օրացույցով: 2012թ. մայիսին ԱՀԿ-ն հրապարակեց հասարակության համար գլոբալ առողջապահական ծրագիր պոլիոմիելիտի վերացման վերաբերյալ:
Աշխարհը պոլիոմիելիտից ազատ համարվելու համար խորհուրդ է տրվում դադարեցնել բերանային պոլիոմիելիտի կիրառումն ամբողջ աշխարհում, սկսած ՕՊՊ 2-րդ տիպից: Այդ նպատակով լրացուցիչ պետք է ներդնել առնվազն մեկ դեղաչափ ԻՊՊ: Այն ապահովում է պոլիովիրուսի 2-րդ տիպից պաշտպանություն և ուժեղացնում է ազգաբնակչության անընկալությունը:
2016թ-ի ապրիլին աշխարհի 156 երկիր միաժամանակ ՕՊՊ 3-ից անցել է ՕՊՊ2-ի, միաժամանակ զուգահեռ մինչև մեկ տարեկանը երեխաները ստանոում են մեկ դեղաչափ ԻՊՊ:

Հայաստանի Հանրապետությունում 2016 թվականի հունիսից կիրառվում է ինակտիվացված պոլիոմիելիտի պատվաստանյութ, իսկ մինչ այդ, հանրապետության որոշ համայնքներում 2-6 տարեկան երեխաների շրջանում՝ անկախ պատվաստումային կարգավիճակից, իրականացվել է եռավալենտ բերանային պոլիոմիելիտի միանվագ պատվաստում՝ պոլիոմիելիտի 2-րդ շճատիպով լիարժեք պաշտպանություն և անընկալություն ձևավորելու նպատակով:

Արդյոք այսօր անհրաժեշտ են դեֆթերիայի դեմ պատվաստումները, երբ այս հիվանդությունը հազվադեպ է հանդիպում…

Դիֆթերիան ոչ թե հազվադեպ հանդիպող, այլ որոշ զարգացած երկրներում մոռացված հիվանդություն է, որը ցանկացած պահի կարող է վերադառնալ՝ առաջացնելով համաճարակներ:

Այսօր Հայաստանի Հանրապետությունում դիֆթերիայի դեպքեր չեն արձանագրվում, իսկ Ռուսաստանում, ինչպես նաև աշխարհի տարբեր երկրներում, արձանագրվում են եզակի դեպքեր: Սակայն այն երկրներում, որտեղ ցածր է երեխաների և մեծահասակների շրջանում պատվաստումներում ընդգրկվածությունը, հանդիպում են հիվանդության դեպքեր և փոքրիկ բռնկումներ: Օրինակ 2015թ. ՀԱՀ-ում արձանագրվել է տոքսիկ դիֆթերիայի 3 դեպք չպատվաստված երեխաների մոտ, մեկը՝ մահվան ելքով:

Այն երկրներում, որտեղ պատվաստումներում ընդգրկվածությունը ցածր է, մեծ է բռնկման առաջացման հավանականությունը: Բոլոր ժամանակներում խնդիր են եղել պատվաստումներից հրաժարումները: Հրաժարումները հատկապես շատ են աղանդավորական խմբավորումների անդամների շրջանում, որոնք արգելում են կատարել պատվաստումներ: Լուրջ խնդիր են նաև անհիմն հակացուցումները, որի արդյունքում երեխաները պաշտպանված չեն վարակներից: Ցածր ընդգրկվածության պայմաններում առաջանում է հիվանդության բռնկում: Օրինակ, 1990-ականներին դիֆթերիայի դեմ պատվաստումներում ցածր ընդգրկվածության արդյունքում սկսվեց դիֆթերիայի համաճարակ:

Շատ կարևոր հարց է, թե դիֆթերիայի դեմ պատվաստված անհատը արդյո՞ք պաշտպանված է վարակից, թե կարող է հիվանդանալ: Դիֆթերիայի դեմ պատվաստումը, ինչպես նաև հիվանդությունը, չի առաջացնում կայուն անընկալություն ողջ կյանքի ընթացքում: Դիֆթերիայով հիվանդանալուց հետո առաջանում է անընկալություն 6 ամսից մինչև 10 տարի ժամանակահատվածում: Այդ պատճառով անհրաժեշտ է Պատվաստումների ազգային օրացույցով նախատեսված ժամկետներում կատարել ոչ միայն պատվաստումները, այլ նաև կրկնապատվաստումները:

Պատվաստման լիարժեք կուրսն ավարտելուց հետո օրգանիզմը պաշտպանված է 10 տարի, այսինքն եթե անհատը չի ավարտել պատվաստումները ըստ օրացույցի կամ չի ստացել կրկնապատվաստում, ապա վարակվելու դեպքում նա կհիվանդանա, քանի որ չունի լիարժեք պաշտպանվածություն: Պայմանականորեն նա պատվաստված է, սակայն հիվանդանում է:

Հետազոտությունները ցույց են տվել, որ դիֆթերիայի ծանրության աստիճանը (տոքսինով թունավորման թեթև և ծանր ձևեր) պատվաստված և չպատվաստված անձանց մոտ համապատասխանորեն կազմում է 2,3 և 60,2%: Պատվաստված անձանց շրջանում հանդիպում են հիվանդության առաջին աստիճանի թունավորման դեպքերը, իսկ չպատվաստվածների խմբում արձանագրվում են ամենածանր դեպքերը, այդ թվում և հիպերտոքսիկ ձևեր: Մահացությունը չպատվաստված անձանց շրջանում կազմել է 9,45%, տոքսիկ ձևերի դեպքում՝ 15,7%: Այս տվյալները վերաբերվում են մանկական ազգզբնակչությանը, իսկ մեծահասակների շրջանում այս թվերը 2 անգամ ավել են:

Դիֆթերիայի դեմ պատվաստանյութը անատոքսին է, որն ապահովում է հակամարմինների առաջացումը, դրանով կանխելով հիվանդության ծանր ձևերի առաջացումը: Այս դիրքորոշումը չեն հերքում նաև այն անձիք, որոնք դեմ են պատվաստումներին: Սակայն, երբ քննարկում են հիվանդացության կապը պատվաստումների հետ, ապա միանշանակ ժխտում են այդ կապը:Մի շարք հետազոտություններ նշում են մասսայական պատվաստումների դրական դերը, երբ ազգաբնակչության մեջ ավելանում է հակատոքսիկ իմունիտետի պաշտպանական մակարդակը (≥0,01ME/ml), արդյունքում շրջակա միջավայրում պակասում է դիֆթերիայի տոքսիգեն շտամների անջատումը:

Վերջին տարիների հետազոտությունները ցույց են տվել, որ եթե ազգաբնակչության մեջ հակատոքսիկ իմունիտետի պաշտպանական մակարդակը բարձր է, ապա շրջապատում պակասում է առողջ բացիլակիրների թիվը:

Դիֆթերիայի դեմ պատվաստանյութը դասվում է «ամենահին» պատվաստանյութերի թվին: Այս պատվաստանյութի երկար տարիների կիրառումը ապացուցել է պատվաստանյութի անվտանգությունը: Հետպատվաստումային անբարեհաջող դեպքերից հաճախ հանդիպում են տեղային ռեակցիաները՝ ներարկման տեղում կարմրություն, ցավ և այտուց: Ընդհանուր ռեակցիաները ավելի քիչ են հանդիպում, իսկ հաստատված անաֆիլակտիկ ռեակցիաները կազմում են 0,65 դեպք 3մլն պատվաստվածների շրջանում:

Արդյոք իրականում վտանգավոր է վիրուսային հեպատիտ Բ վարակը:

Սուր հեպատիտ Բ-ով հիվանդացությունը վերջին տարիներին նվազել է շուրջ 10 անգամ, սակայն ավելացել է քրոնիկական հեպատիտների և առանց ախտանշանների վարակակիրների թիվը:

Վիրուսային հեպատիտ Բ-ն հաճախ պատճառ է դառնում քրոնիկական հեպատիտի, լյարդի ցիռոզի և առաջնային քաղցկեղի առաջացման: Վիրուսային հեպատիտ Բ վարակի աղբյուր հանդիսանում են քրոնիկ և սուր հիվանդները, ինչպես նաև վիրուսակիրները, որոնց մոտ հիվանդության ախտանշաններ չկան:

Վիրուսային հեպատիտ Բ-ով կարող են վարակվել արյան և նրա բաղադրամասերի ներմուծման ժամանակ: Կարող են վարակվել բժշկական, ինչպես նաև էսթետիկ նպատակներով իրականացվող միջամտությունների ժամանակ:  Շատ բարձր է հիվանդ մորից նորածնին վիրուսի փոխանցման հավանականությունը՝ այն կազմում է 70-90%: 

Դեռահասների մոտ վարակվելու հավանականությունը բարձր է դաջվածք կատարելիս և այլ միջամտությունների ժամանակ: Պետք է նշել, որ քրոնիկ հեպատիտի զարգացման ռիսկը տարբեր տարիքային խմբերում տարբեր է: Նորածինների մոտ՝ 90%, 1-5տարեկանում՝ 50%, մեծահասակների մոտ՝ 5-10%: Քրոնիկ հեպատիտ Բ-ով տառապող հիվանդներից մոտ 30%-ի մոտ  հետագայում զարգանում է լյարդի ցիռոզ և լյարդի քաղցկեղ:

Եվ այսպես, ո՞րն է ավելի վտանգավոր՝ հեպատիտ Բ-ի վիրուսը/բնական վարակ/, որը  բազմանում է օրգանիզմում և գտնվում է լյարդի բջիջների գենոմում, թե նույն վիրուսի առանձին սպիտակուցը, որն ունակ չէ բազմանալու /պատվաստանյութ/:

Հեպատիտ Բ-ի դեմ պատվաստանյութը  ռեկոմբինանտ, անկենդան պատվաստանյութ է, այն չի պարունակում կենդանի վիրուս, ունակ չէ բազմանալու և ախտահարելու լյարդի բջիջները, նորածինների մոտ չի կարող  առաջացնել դեղնություն, ձգձգվող դեղնուկ:  Հեպատիտ Բ-ի պատվաստանյութը պարունակում է միայն Hbs մակերեսային հակածին: Պատվաստանյութի մեջ առկա Hbs հակածինը չի թափանցում լյարդի բջիջների  գենոմի մեջ:

Հեպատիտ Բ-ի դեմ պատվաստանյութը վիրուսային հեպատիտ Բ-ի կանխարգելման ամենաարդյունավետ միջոցն է, շատ անվտանգ է, քիչ ռեակտոգեն: Այն հակացուցված է միայն այն անձանց, ովքեր ունեն արտահայտված ալերգիկ ռեակցիա խմորիչների նկատմամբ: Պատվաստումը հետաձգվում է բարձր ջերմությամբ ընթացող սուր հիվանդությունների և քրոնիկ հիվանդությունների սրացման ժամանակ:  

Ինչպե՞ս են պատվաստանյութերն աշխատում:

Հասկանալու համար թե պատվաստանյութերն ինչպես են աշխատում, առաջնահերթ պետք է պատկերացնենք, թե ինչպես է աշխատում իմուն համակարգը: Մարդու իմուն համակարգի հիմնական դերը մեզ պաշտպանելն է այն ամենից, ինչը ներթափանցում է մեր օրգանիզմ: Դրանց շարքին են պատկանում հիվանդությունների հարուցիչները` վիրուսները և մանրէները, որոնց օրգանիզմը ճանաչում է որպես օտարածին և սկսում է արտադրել սպիտակուցներ` հակամարմիններ, դրանց դեմ պայքարելու համար: Բայց իմուն համակարգը կատարում է ավելին, քան գտնել հարուցիչներին և ոչնչացնել դրանց: Իմուն համակարգը նաև հիշում է դրանց, հետևաբար, եթե նույն հարուցիչները նորից ներթափանցեն օրգանիզմ , հակամարմիններն արագորեն կստեղծվեն ու կոչնչացնեն հարուցիչներին՝ մինչև դրանք կհասցնեն հիվանդություն առաջացնել: Ահա թե ինչու , եթե որևէ մեկը վարակվում է հիվանդությամբ, օրինակ կարմրուկով կամ ջրծաղիկով մի քանի անգամ կարող է ենթարկվել հիվանդության հարուցիչների ազդեցությանը` առանց հիվանդանալու:

Սա է իմունիտետը կամ անընկալությունը, որը շատ արդյունավետ համակարգ է: Սակայն մեկ խնդիր կա: Առաջին անգամ  հիվանդության ազդեցության ենթարկվելիս, նրա իմուն համակարգը չի կարող այնքան արագորեն ստեղծել հակամարմիններ, որպեսզի հիվանդությունից պաշտպանվի: Ի վերջո իմուն համակարգը հաղթահարում է հիվանդությանը և մարդու մոտ առաջանում է պաշտպանություն նույն հիվանդության հետագա գրոհներից: Բայց այն չի կանխարգելում առաջին գրոհը: 

Այս խնդիրը լուծվել է պատվաստումների միջոցով: Պատվաստանյութերը պարունակում են հիվանդություններ առաջացնող նույն հարուցիչները (օրինակ կարմրուկի վիրուս): Բայց հարուցիչները կամ սպանված են կամ թուլացված, այնքան, որ հիվանդություն չեն կարող առաջացնել: Որոշ պատվաստանյութեր պարունակում են միայն հարուցչի մասնիկներ: Երբ անձը պատվաստվում է, պատվաստանյութը խթանում է իմուն համակարգը` ճիշտ նույն մեխանիզմով արտադրվում են հակամարմիններ, ինչ որ բնական հիվանդության դեպքում: Երեխայի մոտ զարգանում է իմունիտետ այդ հիվանդության նկատմամբ` առանց հիվանդանալու: Ահա թե ինչու են պատվաստանյութերը համարվում հզոր դեղամիջոցներ: Ի տարբերություն շատ դեղամիջոցների, որոնք բուժում են հիվանդությունը, պատվաստանյութերը կանխարգելում են դրանք:

Որքանո՞վ են արդյունավետ պատվաստանյութերը

Պատվաստանյութերն իրոք բավականին արդյունավետ են: Իհարկե, ոչ մի դեղամիջոց գերազանց չէ, սակայն մանկական պատվաստանյութերի մեծամասնությունն իմունիտետ առաջացնում է 90% -ից մինչև 100% արդյունավետությամբ: Իսկ ինչ վերաբերվում է սակավաթիվ երեխաներին, ում մոտ իմունիտետ չի առաջանում, մենք կանրադառնանք մի փոքր հետո: Սակայն առաջնահերթ, անդրադարձ կատարենք այն հայացքներին, թե իբր պատվաստանյութերն արդյունավետ չեն և հիվանդությունները կվերանային ինքնուրույն, առանց պատվաստանյութերի կիրառման, միայն սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման միջոցով: Սա, իհարկե ճշմարտություն չէ: Անշուշտ սանիտարահիգիենիկ պայմանների բարելավումը կարող է կանխել հիվանդությունների տարածումը, բայց հիվանդությունների հարուցիչները դեռևս գոյատևում են շրջապատում և քանի դեռ կան, դրանք կշարունակեն հանդես գալ հիվանդություն առաջացնողի դերում: Եթե անդրադարձ կատարենք պատվաստանյութով կանխարգելվող որևէ հիվանդության պատմությանը, ապա պարզորեն կարելի է փաստագրել, որ պատվաստանյութի կիրառումից հետո հիվանդության դեպքերը նվազել են:

Բոլոր պատվաստանյութերը՝ մինչ համատարած կիրառումը, ենթակա են մանրակրկիտ ուսումնասիրության` պարզաբանելու, որ դրանք անվտանգ և արդյունավետ են: Այդ ուսումնասիրությունները ներառում են կլինիկական հետազոտություններ, որոնք համեմատում են մարդկանց երկու խմբեր, որտեղ մի խումբը պատվաստվել է, իսկ մյուսը` ոչ:

Հետպատվաստումային շրջանում կարող են առաջանալ ծանր ու թեթև ռեակցիաներ: Առաջին հերթին ծանր ռեակցիաները շատ հազվադեպ են: Երկրորդը, երբեմն դժվար է ասել, թե արդյո՞ք, ռեակցիան պատճառահետևանքային կապ ունի պատվաստման հետ: Հայտնի չէ այնպիսի ռեակցիա, որը կապված լինի միայն պատվաստանյութի ներարկման հետ: Որևէ գործոն, որն ազդում է հարյուր հազար կամ մեկ միլիոն պատվաստված երեխայից մեկին շատ դժվար է առանձնացնել իրական պատճառը: Օրինակ՝ որոշ մարդիկ պնդում են, որ ԱԿԴՓ պարունակող պատվաստանյութն առաջացնում է երեխայի հանկարծամահություն՝ որպես ապացույց նշելով մահից մեկ կամ երկու օր առաջ պատվաստման փաստը: Սակայն,  հանկարծամահությունը հիմնականում արձանագրվում է այն նույն տարիքային խմբում , ովքեր ստանում են իրենց կանխարգելիչ պատվաստումները: Երբ գիտնականները հետազոտեցին հանկարծամահությունը հսկիչ խմբերում, նրանք արձանագրեցին, որ այն հանդիպում է նաև այն երեխաների մոտ, ովքեր չեն պատվաստվել: 

Չի կարելի գնահատել պատվաստումների ռիսկն՝ առանց հաշվի առնելու նաև օգուտները: Նունիսկ կյանքի համար վտանգավոր հետպատվաստումային ռեակցիան՝ անաֆիլաքսիան կամ անաֆիակտոիդ ռեակցաին, կարող է վերահսկվել հմուտ բուժաշխատողի կողմից: Առավել ակնհայտ է պատվաստման հիվանդությունից պաշտպանելու օգուտը: Պատվաստման օգուտներն ակնհայտ են թե անհատի, թե հասարակության և թե ապագա սերունդների համար:

Որո՞նք են անհատի օգուտները

Պատվաստելով Ձեր երեխան պաշտպանվում է մի շարք ռիսկային հիվանդություններից: Իսկ որքանով է հավանական, որ Ձեր երեխան իրականում կենթարկվի այդ ռիսկերին և կվարակվի դրանցից որևէ մեկով: ՀԻՇԵՔ, որ շնորհիվ պատվաստումների պատվաստանյութերով կանխվող հիվանդությունները տարեց-տարի նվազում են և աստիճանաբար վերանում, դրանցից որոշները ներկայումս գրանցվում են միայն եզակի դեպքերի տեսքով: Եթե հիվանդությունների ռիսկերը ցածր են, արդյոք սա չի՞ նշանակում, որ պատվաստումների օգուտները ևս նվազում են: Շատ տեղին հարց է: Վիճակագրորեն, հավանականությունը կարող է համեմատաբար ցածր լինել, որ Ձեր երեխան կարող է վարակվել դիֆթերիայով, փայտացումով, պոլիոմիելիտով, կարմրուկով, կարմրախտով, խոզուկով և այլն: Սակայն, եթե բոլորն այսպես մտածեն ու չպատվաստեն իրենց երեխաներին, նույն հիվանդություններով վարակվելու և հիվանդանալու հավանականությունը շատ կմեծանա, քանի որ այս հիվանդությունների հարուցիչները դեռ չեն վերացել և գոյություն ունեն բնության մեջ:

Մյուս կողմից այս հիվանդությունների դեմ պատվաստումների միջոցով Ձեր երեխան պաշտպանվում է նաև կապույտ հազից, թոքաբորբերից, ուղեղի թաղանթի բորբոքումներից, որոնք դեռ հանդիպում են և կարող են վտանգավոր լինել Ձեր երեխայի առողջության համար: Վերջին հետազոտությունների համաձայն կապույտ հազի դեմ պատվաստում չունեցող երեխաների մոտ հիվանդանալու հավանականությունը մոտ 23 անգամ ավելին է, քան պատվաստվածներինը: Հայաստանում 2013թ., 2014թ, 2018թ. գրանցվել է կապույտ հազից մահվան մեկական դեպք: Այս թիվը կարող է առաջին հայացքից փոքր թվալ, բայց նույն այդ թիվը մտահոգություն կառաջացներ ցանկացած ծնողի համար, եթե նրանցից մեկն իր երեխան լիներ:

Որո՞նք են հասարակության օգուտները

Կան երեխաներ, ովքեր բժշկական հակացուցումների պատճառով չեն կարող որոշ պատվաստումներ ստանալ: Նշված երեխաները միշտ էլ խոցելի են վիրուսների և մանրէների նկատմամբ: Երբ համայնքում երեխաների գերակշռող մեծամասնությունը ստանում են իրենց տարիքին համապատասխան պատվաստումները, մեկ երեխայի հիվանդանալու դեպքում այն հետագա տարածում չի ունենում: Սա կոչվում է «կոլեկտիվ իմունիտետ»: Սակայն ճիշտ հակառակն է լինում, երբ համայնքում շատ երեխաներ պատվաստված չեն լինում, հարուցիչները հեշտությամբ գտնում են իրենց թիրախներին, և հիվանդությունը շատ արագ տարածվում է: Սա է պատճառը, որ պատվաստումներով կանխարգելվող հիվանդությունների բռնկումներ են լինում: Այլ կերպ ասած «կոլեկտիվ իմունիտետի» գաղափարը կարելի է ընդհանրացնել հետևյալ կերպ. պատվաստելով Ձեր երեխային, Դուք պաշտպանում եք նաև բժշկական հակացուցումների պատճառով չպատվաստված երեխաներին, այդ թվում նաև՝ մեծահասակներին:

Ինչո՞ւ պետք է բոլոր երեխաները պատվաստվեն

Պատվաստումներն անհրաժեշտ են, որպեսզի կանխարգելվի հիվանդությունը, որպեսզի կանխարգելվի մահը կամ հաշմանդամությունը, որպեսզի վարակներից պաշտպանվեն բնակչության լայն զանգվածները: Վարակիչ հիվանդությունները շատ արագ են տարածվում։ Սակայն այդ տարածումը կարելի է կանգնեցնել միայն այն պարագայում, երբ տվյալ բնակավայրում պատվաստված մարդկանց թիվը բավարար է (90%-ից ոչ պակաս)։ Համայնքում որքան շատ են պատվաստված երեխաները (նաև մեծահասակները), այնքան պաշտպանված է համայնքի յուրաքանչյուր անդամը։

Ծնողական սիրո հետ մեկտեղ պատվաստումների միջոցով Դուք հնարավորինս պետք է պաշտպանեք Ձեր երեխաներին վարակներից։

Արդյոք կարելի է հիվանդ երեխային պատվաստել

Շատ հաճախ ծնողները հրաժարվում են պատվաստումից, երբ երեխան հազում է կամ ունի որևէ այլ թեթև հիվանդություն։ Այս մոտեցումը սխալ է։ Սակայն, ցավոք, նույնիսկ որոշ բուժաշխատողներ հետաձգում են երեխայի պատվաստումները վերը նշված հիվանդությունների ժամանակ։ Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական դիրքորոշման` պատվաստումների հակացուցումները մի քանիսն են, իսկ թեթև հիվանդությունների ժամանակ պատվաստելն անվտանգ է և նույնիսկ անհրաժեշտ։ Կան նաև ավելի ծանր հիվանդագին վիճակներ, ինչպես օրինակ օրգանների փոխպատվաստումը, որի դեպքում` մինչ հետագա բուժման պլանավորումը, պատվաստումների իրականացումը նույնիսկ խիստ անհրաժեշտ է:

Միայն բուժաշխատողների խորհուրդներին հետևելով, Դուք կստանաք մասնագիտական ճիշտ խորհրդատվություն և ժամանակին կկանխեք շատ անցանկալի երևույթներ:

Եթե որևէ պատճառով կյանքի առաջին տարվա ընթացքում երեխան չի ստացել նշված տարիքի համար նախատեսված որևէ պատվաստում, անհրաժեշտ է, որ նա այն լրացնի որքան հնարավոր է շուտ։ Բոլոր պատվաստումները երեխան պետք է ստանա միայն բուժկանխարգելիչ կազմակերպություններում (պոլիկլինիկա, առողջության կենտրոն, ամբուլատորիա, բուժկետ):

Շատ կարևոր է, որ երեխան ավարտի պատվատումները օրացույցով սահմանված ժամկետներում, որպեսզի երեխայի օրգանիզմը հասցնի պաշտպանվել վարակիչ հիվանդություններից: Մինչև 5-6 ամսական երեխան շատ ավելի հեշտ է տանում պատվաստումը, քան ավելի մեծ տարիքում, քանի որ շփումն է մեծանում արտաքին աշխարհի հետ և ատամների ծկլթման պրոցեսն է սկսվում: Երեխայի պատվաստումից հրաժարվելուց առաջ լավ մտածեք ու կշռեք պատվաստման ռիսկը հիվանդության հետևանքների հետ:

Որո՞նք են ապագա սերունդների օգուտները

Արդեն նշեցինք, որ պատվաստանյութերով կանխարգելվող հիվանդություններից շատերը Հայաստանում գրեթե չեն հանդիպում կամ գրանցվում են հազվադեպ: Պատկերացնենք, ինչ կպատահի, եթե դադարեցնենք պատվաստումները: Նմանատիպ իրավիճակներ հայտնի են այլ երկրների փորձից: Այսպես՝ 1970-ական թվականներին Ճապոնիայում երեխաների մոտ 80%-ը պատվաստված էին կապույտ հազի դեմ: 1974 թվականին ամբողջ Ճապոնիայում գրանցվել էր կապույտ հազի միայն 393 դեպք, իսկ մահվան դեպքեր չկային: Սակայն հետագա տարիներին պատվաստանյութերի անվտանգության շուրջ մտավախությունների և անհանգստությունների պատճառով պատվաստումների ցուցանիշները նվազեցին մոտ 10%-ով: Մինչև 1979 թվականը երկիրը բռնկված էր կապույտ հազով և ավելի քան 13 000 մարդ հիվանդացավ, իսկ 41 մարդ մահացավ հենց միայն այդ տարվա ընթացքում: Երբ պլանային պատվաստումների գործընթացը վերստին բարելավվեց, հիվանդության դեպքերը կտրուկ նվազեցին: Խնդիրը նրանում է, որ պատվաստումները չի կարելի դադարեցնել միայն այն պատճառով, որ հիվանդության դեպքերը նվազել են:

Բնակչության խոցելի խմբերում նույնիսկ սակավ թվով դրանց առկայությունը կարող է խոշոր բռնկումների պատճառ լինել: Սա է պատճառը, որ Հայաստանում դեռևս շարունակվում են պոլիոմիելիտի և դիֆթերիայի դեմ պատվաստումները, չնայած 15-20 տարի է մեր երկրում այս հիվանդությունները չեն գրանցվում: Մեկ վարակված ճանապարհորդ այնպիսի մի երկրից, որտեղ այս հիվանդությունները դեռ չեն վերացել, կարող է իրավիճակը մոտ 50 տարով հետ վերադարձնել, եթե բնակչության շրջանում պաշտպանության մակարդակը պատշաճ չէ:

Երբ պատվաստում եք Ձեր երեխային, ապա պաշտպանում եք ոչ միայն նրան, այլ նաև Ձեր շրջապատին և  ապագա սերունդներին:

Ի՞նչ հնարավոր ռեակցիաներ կարող են լինել պատվաստումից հետո

Պատվաստումից հետո երեխայի մոտ կարող է նկատվել ջերմություն, թեթև ցան կամ երեխան կարող է ունենալ ընդհանուր վիճակի փոփոխություն։ Երբեմն ներարկման տեղում կարող է առաջանալ կարմրություն։ Անհանգստանալու կարիք չկա։ Այն անցնում է երկու-երեք օրվա ընթացքում։ Եթե երեխայի մոտ առկա է բարձր ջերմություն, անհրաժեշտ է նրան տալ ջերմիջեցնող, շատ հեղուկներ, իսկ, եթե երեխան սնվում է կրծքով՝ կերակրել հաճախակի։

Սակայն, եթե Դուք անհանգստացած եք երեխայի վիճակով կամ առաջացել են այլ հիվանդագին նշաններ, անպայման դիմեք բուժաշխատողի։Նժարի վրա դրեք վարակներից առաջացած վտանգները և հնարավոր հետպատվաստումային ռեակցիաները և համոզվեք, թե ինչից է պետք պաշտպանել Ձեր բալիկին։

Արդյոք հարկավոր է պատվաստել կրծքով կերակրվող երեխաներին

Ներարգանդային կյանքում, ինչպես նաև մայրական կաթի միջոցով նորածնին փոխանցվում են հակամարմիններ, որոնք պաշտպանում են նրան որոշ հիվանդություններից, սակայն ոչ լիարժեք։ Ճիշտ է, կրծքի կաթով սնվող երեխան կարող է ավելի թեթև տանել վարակը, սակայն վտանգի (հատկապես մահվան) ռիսկը այդ տարիքում շատ բարձր է։ Ուստի, առավել կարևոր է վարակների հանդեպ անընկալությունն ապահովել պատվաստումների միջոցով։

Որո՞նք են Ձեր մտավախությունները

Երբեմն որոշ ծնողներ մտածում են, թե այս բոլորը մանկական հիվանդություններ են, որոնցով երեխան անպայման պետք է հիվանդանա կամ կարծում են, որ պոլիոմիելիտից կամ կարմրուկից երեխային հնարավոր չէ պաշտպանել, միևնույն է հազարավոր երեխաներ դառնում են հաշմանդամ։ Որոշ ծնողներ էլ ուղղակի չեն հավատում, թե պատվաստումները կարող են օգնել, պաշտպանել երեխաներին այդ վարակիչ հիվանդություններից, և դեռ ավելին` պարզապես վախենում են պատվաստումից: Նրանց թվում է, թե պատվաստումը վտանգավոր է երեխայի առողջության համար։

Հիշե'ք. պատվաստումները ոչ թե վնասում, այլ պաշտպանում են երեխային մի շարք լուրջ և վտանգավոր վարակներից։ Չպատվաստված երեխան կարող է հիվանդանալ, դառնալ հաշմանդամ և նույնիսկ մահանալ։ Պատվաստումները չեն վտանգում երեխայի կյանքը։

Կարմրուկի դեմ պատվաստանյութն իսկապ՞ես վտանգավոր է և անարդյունավետ:

Վերջին տարիների հետազոտությունները ցույց են տվել, որ կարմրուկով հիվանդացությունը մեծ մասամբ պայմանավորված է բնակչության լայն խմբերում պատվաստումներից հրաժարումներով:

Ինչո՞ւ հատկապես կարմրուկը:

Կարմրուկն իր բարձր վարակելիությամբ և արագ տարածմամբ տարբերվում է մյուս կառավարելի վարակներից: Մեկ հիվանդը վարակում է մինչև 18 կոնտակտավորների: Բռնկումները կանխելու համար անհրաժեշտ է ապահովել պատվաստումներում բարձր ընդգրկվածություն և կոլեկտիվ իմունիտետի բարձր մակարդակ: Ընդգրկվածության իջեցման դեպքում կարմրուկի բռնկումները կայծակնային են: Եվրոպական երկրներում ցածր ընդգրկվածությունը պատճառ հանդիսացավ կարմրուկի տարածման: 2011 թվականի վիճակագրությունը ցույց է տվել, որ հիվանդների 83%-ը պատվաստված չեն եղել, 13%-ը ստացել են 1 դեղաչափ, 4%-ը՝ 2 դեղաչափ: Այս տվյալները հերքում են հակապատվաստումային փաստարկներն այն մասին, որ մեծ մասսամբ պատվաստված երեխաները հիվանդանում են կարմրուկով: Հաշվի առնելով, որ ընդհանուր պոպուլյացիայում պատվաստվածներն ավելի շատ են, քան չպատվաստվածները, համեմատաբար հիվանդացման ռիսկն ավելի բարձր է չպատվաստվածների մոտ:

Ինչո՞ւ են հիվանդանում պատվաստվածները.

Պատճառները մի քանիսն են: Նախ ոչ մի պատվաստանյութ պատվաստվողի մոտ չի առաջացնում բացարձակ 100%-ոց պաշտպանվածություն: Իսկ մի շարք դեպքերում, եթե պատվաստվածները հիվանդանում են,  ապա ավելի թեթև են տանում հիվանդությունը:

Կարմրուկը տարիներ անց կարող է առաջացնել նյարդային համակարգի ծանր ախտահարում

Կարմրուկը սուր վարակիչ հիվանդություն է, հարուցիչը Մորբիլի վիրուսն է (Morbillivirus): Հիվանդությունը սովորաբար սկսվում է տենդով, հազով, ռինիտով, կոկորդի ցավով, հետո միանում է ցանը: Մարդկանց ընկալությունը կարմրուկի նկատմամբ շատ բարձր է՝ 95-96%: Գործնականում հիվանդացությունն ընկալ մարդկանց մոտ հասնում է 99-100%-ի։ Վարակի աղբյուրը հիվանդ մարդիկ են՝ հիվանդության գաղտնի շրջանի վերջին 2-րդ օրվանից  մինչև ցանը դուրս գալու  4-րդ օրը: Գաղտնի շրջանի տևողությունը 9-11 օր է։ Հազվադեպ այն կարող է կրճատվել մինչև 7 օր կամ երկարել մինչև 21 օր:

Կարմրուկի հաճախ հանդիպող բարդություններից են էնցեֆալիտը, մենինգիտը, թոքաբորբերը, միջին ականջի բորբոքումը, լարինգիտը, լարինգոտրախեիտը, բրոնխիտները։ Կարմրուկի ժամանակ թոքաբորբերը կարող են հանդիպել հիվանդության ցանկացած շրջանում։ Կարմրուկային թոքաբորբերն համարվում են երեխաների մոտ հանդիպող ամենահաճախակի բարդությունները: Ավելի ծանր են ընթանում վաղ տարիքի երեխաների մոտ։

Նյարդային համակարգի բարդությունները՝ էնցեֆալիտ, մենինգիտ (ուղեղի թաղանթների բորբոքում), բնորոշ են ավելի բարձր տարիքի անձանց, ընթանում են շատ ծանր և տալիս մեծ մահացություն (մինչև 25%)։ Մնացորդային երևույթները դրսևորվում են պարեզներով, հիշողության և մտավոր խանգարումներով, էպիլեպտանման նոպաներով։ Կարմրուկի ծանր բարդություններից է հազվադեպ հանդիպող, բայց մահացու համարվող «ենթասուր սկլերոտիկ պանէնցեֆալիտը», որն առաջանում է նախկինում տարած կարմրուկից հետո, բնորոշվում է կենտրոնական նյարդային համակարգի ծանր ախտահարումով: Այն կարող է առաջանալ նույնիսկ հիվանդությունից 7-ից 10 տարի հետո (միջինում՝ 6 տարի), երբ հիվանդին թվում է, թե ինքն ապաքինվել է: Բնական կարմրուկային վարակի առաջնակի գրոհից հետո վիրուսները պասիվ վիճակում պահպանվում են ուղեղի բջիջներում՝   տարիներ շարունակ չառաջացնելով հիվանդագին երևույթներ: Հազվադեպ, կարմրուկով բնականոն հիվանդացած 100,000-ից 2-ի մոտ ախտահարված ուղեղի բջիջներում սկսվում է բորբոքային ռեակցիա, որի արդյունքում առաջանում է ուղեղի տարածուն ախտահարում՝ անբարեհաջող ելքով: Այն առավել վտանգավոր է մինչև 2 տարեկան հիվանդացած երեխաների մոտ:

Ցավոք, 2015 թվականի մայիս-օգոստոս ժամանակամիջոցում Հայաստանում գրանցված կարմրուկի 33 բերովի դեպքից մեկի մոտ զարգացել է «ենթասուր սկլերոտիկ պանէնցեֆալիտ»: Դեպքը 4 տարեկան երեխա է, ով կարմրուկի դեմ պատվաստում չի ստացել, կարմրուկով վարակվել է հուլիսի սկզբներին և ապաքինվելուց մոտ 4 ամիս հետո նրա մոտ զարգացել է «ենթասուր սկլերոտիկ պանէնցեֆալիտ»:

Կարմրուկի, ինչպես նաև կարմրուկային «ենթասուր սկլերոտիկ պանէնցեֆալիտի» կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումներն են: Հայաստանի Հանրապետությունում Պատվաստումների ազգային օրացույցով նախատեսվում է երկու դեղաչափ համակցված ԿԿԽ (կարմրուկ-կարմրախտ-խոզուկ) պատվաստում՝ 12 ամսականում և 6 տարեկանում: Միայն ժամանակին և լիարժեք պատվաստումները կարող են կանխել կարմրուկը և նրա հետևանքով առաջացած բարդությունները։