ԾՆՈՂՆԵՐԻՆ
ՄԱՆԿԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ժամանակին պատվաստեք Ձեր երեխաներին և ապահովեք նրանց առողջ ապագան:
Շնորհիվ պատվաստումների` երեխան լիարժեքորեն պաշտպանվում է մի շարք վարակներից, որոնք կարող են ունենալ անցանկալի բարդություններ և հետևանքներ։
Պատվաստումներն առողջապահության հրաշքներից են։ Վերջին երկու տասնամյակում, դրանց շնորհիվ փրկվել է ավելի քան 20 միլիոն կյանք։ Աշխարհում միայն կարմրուկի բռնկումների ընթացքում ամեն շաբաթ 2-3 երեխա է մահանում։ Պատվաստումներն ամենաապահով, արդյունավետ և անվտանգ առողջապահական միջամտություններից են, որոնք հնարավոր են այսօր: Ի վերջո` պատվաստումների շնորհիվ բարձրանում է բնակչության դիմելիությունը բժշկական օգնության առաջնային օղակ, ինչպես նաև ապահովում է «առողջության իրավունքի» լիարժեք իրականացումը։
Երեխային` կյանքի առաջին իսկ օրերից սպառնում են բազմաթիվ փորձություններ, որոնցից առավել վտանգավոր են այն վարակները, որոնք մեր շրջակա միջավայրում են։ Կատարյալ խնամք ապահովելուց բացի, ծնողների և բուժաշխատողների առջև խնդիր է դրված անել հնարավոր ամեն ինչ երեխաներին այդ վարակներից զերծ պահելու համար։ Փոքրիկի առողջության մասին հոգ տանելու և ուրախ ու առողջ մանկությունն ապահովելու համար ներկայիս ամենաարդյունավետ միջոցը պատվաստումներն են։
Տուբերկուլոզ, հեպատիտ Բ, դիֆթերիա, փայտացում, կապույտ հազ, պոլիոմիելիտ, հեմոֆիլուսային հիվանդություն, ռոտավիրուսային հիվանդություն, պնևմակոկային հիվանդություն, կարմրուկ, կարմրախտ, խոզուկ, ահա այն վտանգավոր վարակները, որոնք կարող են բազմաթիվ երեխաների հիվանդացման, հաշմանդամության և նույնիսկ մահվան պատճառ հանդիսանալ, մինչդեռ` ավելի հեշտ է կանխարգելել վարակը, քան բուժել։
Այդ վարակները համարվում են «կառավարելի», որովհետև պատվաստումների շնորհիվ կարելի է կանխել դրանցով երեխաների հիվանդացումը և տարածումը։
ԻՆՉՈ՞Ւ ՊԵՏՔ է ԲՈԼՈՐ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՊԱՏՎԱՍՏՎԵՆ
Պատվաստումներն անհրաժեշտ են, որպեսզի կանխարգելվի հիվանդությունը, որպեսզի կանխարգելվի մահը կամ հաշմանդամությունը, որպեսզի վարակներից պաշտպանվեն բնակչության լայն զանգվածները: Վարակիչ հիվանդությունները շատ արագ են տարածվում։ Սակայն այդ տարածումը կարելի է կանգնեցնել միայն այն պարագայում, երբ տվյալ բնակավայրում պատվաստված մարդկանց թիվը բավարար է (90%-ից ոչ պակաս)։ Համայնքում որքան շատ են պատվաստված երեխաները (նաև մեծահասակները), այնքան պաշտպանված է համայնքի յուրաքանչյուր անդամը։
Ծնողական սիրո հետ մեկտեղ պատվաստումների միջոցով Դուք հնարավորինս պետք է պաշտպանեք Ձեր երեխաներին վերը նշված վարակներից։
Շատ հակիրճ ներկայացնում ենք բոլոր այն պատվաստումները, որոնք Ձեր երեխան պետք է ստանա ըստ Պատվաստումների ազգային օրացույցի:
- ԲՑԺ պատվաստումը, որը պաշտպանում է երեխային տուբերկուլոզի ծանր ձևերից, երեխաները ստանում են նորածնային տարիքում ծնվելուց 0-48 ժամ հետո, քանի դեռ երեխան չի շփվել հիվանդների հետ։ Եթե երեխան ծննդատանը չի ստացել ԲՑԺ-ի պատվաստումը այս կամ այն պատճառով, ապա անհրաժեշտ է նրան պատվաստել որքան հնարավոր է շուտ։ Կարևոր է, որպեսզի Դուք իմանաք, որ պատվաստումից 2-3 շաբաթ հետո ներարկման տեղում առաջանում է փոքրիկ թարախային բուշտ։ Հարկ չկա անհանգստանալու, այլ անհրաժեշտ է առաջացած վերքին դնել ստերիլ վիրակապ, որպեսզի այն չշփվի երեխայի հագուստի հետ։ Հետագայում պատվաստված տեղում առաջանում է սպի։ Սա նորմալ ընթացքն է և նշանակում է, որ պատվաստումը կատարվել է լավ: Այնուամենայնիվ, եթե Դուք անհանգստացած եք դիմեք բժշկին կամ բուժքրոջը և կատարեք նրա խորհուրդները։ Չի կարելի զբաղվել ինքնաբուժմամբ։
- Պատվաստում, որը պաշտպանում է երեխային հեպատիտ Բ-ից, դիֆթերիայից, կապույտ հազից, փայտացումից, հեմոֆիլուսային Բ տեսակի վարակից: Նորածինները հեպատիտ Բ-ի դեմ պատվաստման առաջին դեղաչափը պետք է անպայման ստանան ծնվելուց հետո 0-24 ժամվա ընթացքում։ Հուսալի պաշտպանության համար շատ կարևոր են հաջորդ դեղաչափերի կատարումը, որոնք երեխան ստանում է հնգավալենտ պատվաստանյութի տեսքով` 1,5 ամսականում /6 շաբաթականում/, 3 ամսականում /12 շաբաթականում և 4,5 ամսականում /18 շաբաթականում/:Ինչ է իրենից ներկայացնում հնգավալենտ պատվաստանյութը, որը պաշտպանում է երեխաներին հինգ հիվանդությունից։Այս պատվաստանյութը պարունակում է հինգ բաղադրամաս։ Այն առաջացնում է անընկալություն հինգ հիվանդության` հեպատիտ Բ-ի, կապույտ հազի, դիֆթերիայի, փայտացման և հեմոֆիլուսային Բ տեսակի վարակի նկատմամբ։ Դիֆթերիայի, կապույտ հազի և փայտացման նկատմամբ առաջացած իմունիտետը կայունանում է կրկնապատվաստումներով։ Առաջին կրկնապատվաստումը երեխան ստանում է 18 ամսականում։ Հաջորդ կրկնապատվաստումը կատարվում է արդեն ԱԴՓ-Մ պատվաստանյութով` 6 տարեկանում, որը չի պարունակում կապույտ հազի բաղադրամասը և հետագա 10 տարին մեկ այն կրկնվում է:
- Պատվաստում, որը պաշտպանում է երեխային պոլիոմիելիտից: Երեխաները պոլիոմիելիտի դեմ 3 դեղաչափ բերանային պատվաստանյութ ստանում են հնգավալենտ պատվատումների հետ` նույն օրերին, որը ապահովում է երեխայի մոտ անընկալություն պոլիոմիելիտի նկատմամբ: Նախատեսվում է 2016 թվականի հունիսից 24 շաբաթականում /6 ամսկանում/ ներարկման ձևով 1 դեղաչափ պատվաստում՝ պոլիոմիելիտի վիրուսի բոլոր տեսակների դեմ պաշտպանության համար: Հետագայում վերջինս ամրապնդվում է կրկնապատվաստումների միջոցով` 1,5 /18 ամսականում/ և 6 տարեկանում: Միայն այս սխեմայի պահպանման դեպքում երեխան կունենա հուսալի և ապահով պաշտպանություն պոլիոմիելիտից:
- Պատվաստում, որը պաշտպանում է երեխային ռոտավիրուսային վարակներից: Առաջին դեղաչափը երեխան ստանում է 6 շաբաթականում, իսկ երկրորդը՝ 12 շաբաթականում: Ռոտարիքսի առաջին պատվաստումը չի կատարվում, եթե երեխան 15 շաբաթականից մեծ է, իսկ երկրորդը՝ 32 շաբաթից հետո: Ռոտավիրուսային պատվաստանյութը կաթեցվում է բերանի մեջ: ՌՎ պատվաստանյութերը կանխում են ծանր ՌՎ փորլուծությունները, որոնք պահանջում են հոսպիտալացում և առանց պատշաճ բուժման կարող են մահվան ելք ունենալ: Սակայն ՌՎ պատվաստանյութերը չեն կանխարգելում այլ ախտածինների կողմից առաջացրած փորլուծությունները: ՌՎ պատվաստանյութը կարող է ներմուծվել օրացուցային մյուս՝ հնգավալենտ, պոլիոմիելիտի և պնևմակոկային պատվաստումների հետ:
- Պատվաստում, որը պաշտպանում է երեխային պնևմակոկային վարակներից: Պնևմակոկային պատվաստումները պաշտպանում են երեխաներին ծանր ընթացքով մանրէային թոքաբորբերից, մենինգիտներից (ուղեղի և ուղեղի թաղանթների բորբոքում), տենդային հիվանդություններից, արթրիտներից (հոդերի բորբոքում) և այլն: Պատվաստումները կատարվում են երեք դեղաչափով. առաջինը՝ 6 շաբաթականում, երկրորդը՝ 12, երրորդը՝ 18: Պնևմակոկային պատվաստումները կատարվում են օրացուցային մյուս՝ հնգավալենտ, պոլիոմիելիտի և պնևմակոկային պատվաստումների հետ:
- Պատվաստում, որը պաշտպանում է երեխային կարմրուկից, կարմրախտից և խոզուկից: Կարմրուկի, կարմրախտի և խոզուկի պատվաստանյութը (ԿԿԽ) պաշտպանում է երեխաներին միաժամանակ երեք հիվանդությունից։ Նշված հիվանդություններից կարելի է խուսափել, եթե երեխան ժամանակին` ըստ ազգային օրացույցի, ստանում է ԿԿԽ պատվաստումները։ ԿԿԽ-ի առաջին պատվաստումը երեխաները պետք է ստանան մեկ տարեկան հասակում (12 ամսականում), իսկ երկրորդը` դպրոց ընդունվելուց առաջ, երբ լրանում է 6 տարեկանը։
Պատվաստումը շատ արդյունավետ է։ Ձեր երեխան ստանում է մեկ ներարկում` երեքի փոխարեն և ողջ կյանքի ընթացքում պաշտպանված է երեք հիվանդությունից։