ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԴԻՖԹԵՐԻԱՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է...
26.09.2018Ինչպես տեղեկացնում է Outbreak news today կայքը /http://outbreaknewstoday.com/diphtheria-death-toll-delhi-hospital-rises-18-87256/ / աշխարհում երկարատև հանգիստ համաճարակային վիճակից հետո դիֆթերիա հիվանդությունը վերադառնում է և շատ կարճ ժամանակամիջոցում նորանոր երկրներ են ընդգրկվում համաճարակային գործընթացում՝ Վենեսուելա, Ուկրաինա, Հնդկաստան, Հարավային Աֆրիկա, Եմեն և այլն:
Հնդկաստանի լրատվամիջոցների հաղորդագրության համաձայն, վերջին երկու շաբաթվա ընթացքում (սեպտեմբերի 6-23-ը) երկրում արձանագրվել է դիֆթերիայի 147 դեպք, որոնցից 18-ը մահվան ելքով:
Դիֆթերիան վտանգավոր օդակաթիլային վարակ է, որը տարածվում է հիվանդի փռշտալու և հազալու ժամանակ: Վարակվելու ռիսկի գործոններն են՝ փակ տարածքներում շատ մարդկանց առկայությունը, վատ հիգիենիկ պայմանները, պատվաստումներից հրաժարումները:
Հիվանդությանը բնորոշ է՝ ցավ կոկորդում, հազ, ջերմության բարձրացում, քթից արտադրություն, դժվարաշնչություն, բկանցքում հաստ, գորշ փառի առաջացում: Փառը կարող է տարածվել դեպի կոկորդ, շնչափող, ձայնաճեղք, առաջացնելով կոկորդի, ձայնաճեղքի այտուց և շնչառության կանգ: Միկրոբի արտադրած թույները արյան միջոցով տարածվում են բոլոր օրգան համակարգերը, հատկապես սիրտ, նյարդային համակարգ, առաջացնելով մի շարք բարդություններ՝ սրտամկանի բորբոքում (միոկարդիտ), կաթված (պարալիչ):
Դիֆթերիայի նույնիսկ վաղ բուժման պարագայում բարդություններն անխուսափելի են և հիվանդությունը 10% դեպքերում բերում է մահվան:
Չի բացառվում Հնդկաստանից հիվանդության տարածումն այլ երկրներ, այդ թվում Հայաստան, հաշվի առնելով բնակչության ակտիվ տեղաշարժերը: Չնայած մանկական ազգաբնակչության շրջանում դիֆթերիայի պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշները բարձր են, նույնը չենք կարող ասել մեծահասակների համար: Հարուցիչը երկիր ներբերելու դեպքում մեծ է տարածման հավանականությունը, հատկապես մեծահասակ ազգաբնակչության շրջանում, խոցելի կլինեն նաև պատվաստումից հրաժարված երեխաները: Դիֆթերիայի կանխարգելման միակ միջոցը պատվաստումներն են:
Եվս մեկ անգամ հորդորում ենք, լինել ավելի զգոն, ներկայանալ համապատասխան տարածքային պոլիկլինիկա, դիֆթերիայի պատվաստում ստանալու համար, եթե վերջին 10 տարվա ընթացքում չեք պատվաստվել:
ԴԻՖԹԵՐԻԱ
08.06.2024Արդյո՞ք այսօր անհրաժեշտ են դիֆթերիայի դեմ պատվաստումները, երբ այս հիվանդությունը հազվադեպ է հանդիպում…
Կարդալ ավելին