ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՊՈԼԻՈՄԻԵԼԻՏԻ ԴԵՄ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐ՝ ՀԱՃԱԽԱԿԻ ՀՆՉՈՂ ՀԱՐՑԵՐ

20.05.2019

Հարց 1. Ինչո՞ւ որոշվեց կատարել պոլիոմիելիտի դեմ լրացուցիչ պատվաստում:
Պատասխան. Ներկայում հանրապետությունում դիտվում է պոլիոմիելիտի դեմ պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշների նվազում: 2017 թվականի համեմատությամբ 2018թ. դիտվել է պոլիոմիելիտի դեմ պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշների նվազում երեխաների բոլոր տարիքային խմբերում, օրինակ 2 տարեկանների շրջանում՝ 2017թ. 95%, 2018թ. 93% և այդ միտումը շարունակվել է նաև 2019 թվականի առաջին եռամսյակի ընթացքում՝ 92%: Նմանատիպ պատկեր է նաև 1 և 6 տարեկան երեխաների շրջանում: 1 տարեկան երեխաների շրջանում 2017թ. կազմել է 96%, 2018թ.՝ 94%, իսկ 2019 թվականի առաջին եռամսյակի ընթացքում՝ 93.7%, 6 տարեկանների շրջանում 2017թ. կազմել է 97%, 2018թ. և 2019 թվականի առաջին եռամսյակի ընթացքում՝ 96%: Կան համայնքներ, որտեղ պոլիոմիելիտի պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշներն առանձին վերցրած ավելի ցածր են, քան միջին հանրապետական ցուցանիշը, մասնավորապես 92 համայնքում պոլիոմիելիտի դեմ պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշները 95% -ից ցածր են, այդ թվում 24 համայնքում՝ 60%-90%, իսկ 68 համայնքում՝ 90%-95%: Երևան քաղաքում 2 տարեկան երեխաների շրջանում պոլիոմիելիտի դեմ պատվաստումներում ընդգրկվածությունը 2019թ. առաջին եռամսյակում, ինչպես նաև 2018թ. կազմել է 87%, 2017թ.՝ 90.7%: Աշխարհում  միայն  Աֆղանստանում, Պակիստանում և Նիգերիայում դեռևս  շարունակվում է վայրի պոլիովիրուսի շրջանառությունը, որտեղից  պարբերաբար տարածվում են այլ երկրներ՝ առաջացնելով տեղային բռնկումներ: Վիրուսի ներկրման վտանգն առկա է միշտ, հատկապես բնակչության ներկայիս ակտիվ տեղաշարժի պայմաններում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջերս տարածած հայտարարության համաձայն, հարևան երկրում՝ Իրանում շրջակա միջավայրում հայտնաբերվել է պոլիոմիելիտի հարուցիչ (վայրի պոլիովիրուսի 1-ին տիպ), որը համաճարակաբանորեն կապված է Պակիստանի հետ: Ցուցանիշների հետագա նվազման շարունակումը կարող է նպաստել պոլիոմիելիտի հետ վերադարձին՝ առաջացնելով երկրում հիվանդության բռնկման վտանգ և պատճառ դառնալ երեխաների կայուն հաշմանդամության՝ նույնիսկ մահվան:
Ամբողջ աշխարհը, այդ թվում նաև Հայաստանը պոլիոմիելիտի արմատական վերացման գործընթացի շրջանակներում պոլիոմիելիտի բերանային կենդանի պատվաստանյութից անցնում է ինակտիվացված անկենդան պատվաստանյութի կիրառման:
Հիմք ընդունելով պոլիոմիելիտի դեմ պատվաստումներում ընդգրկվածության ցածր ցուցանիշները, հարևան երկրում՝ Իրանում շրջակա միջավայրի նմուշներում վայրի պոլիովիրուսի հայտնաբերումը, կենդանի բերանային պոլիոմիելիտից անկենդանի փուլային անցման գործընթացը, անհրաժեշտ է պոլիոմիելիտի դեմ լրացուցիչ պատվաստումներով երեխաների շրջանում ամրապնդել պոլիոմիելիտի նկատմամբ պաշտպանությունը:
Հարց 2. Միայն մեր երկրում ե՞ն կատարվում պոլիոմիելիտի լրացուցիչ պատվաստումներ:
Պատասխան. Կենդանի բերանային պոլիոմիելիտից անկենդանի փուլային անցման գործընթացում յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում իր երկրի քաղաքականությունը՝ հաշվի առնելով երկրում պոլիոմիելիտի դեմ պատվաստումներում ընդգրկվածության ցածր ցուցանիշները և պոլիովիրուսի ներկրման ռիսկերը:
Հարց 3. Ո՞րն է պոլիոմիելիտի վերացման ռազմավարական ծրագիրը: Ի՞նչ է դա նշանակում:
Պատասխան. Պոլիոմիելիտի վերացման ռազմավարական ծրագրի նպատակն աշխարհում պոլիոմիելիտի արմատական վերացումն է, որի իրականացման համար անհրաժեշտ է ձեռնարկել հետևյալ քայլերը.
• Պոլիոմիելիտի դեմ պատվաստումներում ընդգրկվածության բարձր ցուցանիշների ապահովում՝ 95% և բարձր
• Եռավալենտ կենդանի բերանային պոլիոմիելիտի դեմ պատվաստանյութից անցում երկվալենտի, որն արդեն աշխարհում, այդ թվում Հայաստանում իրականացվում է 2016 թվականի ապրիլից
• Կենդանի բերանային պոլիոմիելիտի դեմ պատվաստումներից փուլային անցում անկենդան պոլիոմիելիտի պատվաստումների:
Հարց 4. Ինչո՞ւ են պոլիոմիելիտի լրացուցիչ պատվաստումների համար ընտրվել 18 ամսականից մինչև 4 տարեկան 11 ամսական 29 օրական երեխաները:
Պատասխան. Քանի որ հանրապետությունում դիտվում է պոլիոմիելիտի դեմ պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշների նվազում, ինչպես նաև կենդանի բերանային պոլիոմիելիտի դեմ պատվաստումներից անկենդան պատվաստումների փուլային անցման արդյունքում այդ տարիքային խումբն այլևս հնարավորություն չի ունենա պոլիոմիելիտի 4-5-րդ դեղաչափն ստանալու կենդանի պատվաստանյութով:
Հարց 5. Իսկ լիարժեք պլանային պատվաստում ստացած երեխաներին՝ 3-4 տարեկան, ինչքանո՞վ է արդարացված լրացուցիչ դեղաչափ տալը:
Պատասխան. Հաշվի առնելով հանրապետությունում պոլիոմիելիտի դեմ պատվաստումներում ցածր ընդգրկվածությունը, ինչպես նաև այն, որ կենդանի բերանային պոլիոմիելիտի դեմ պատվաստումներից անկենդան պատվաստումների փուլային անցման արդյունքում այս տարիքային խումբն այլևս հնարավորություն չի ունենա պոլիոմիելիտի 5-րդ դեղաչափն ստանալու կենդանի պատվաստանյութով, ուստի անհատական և կոլեկտիվ պաշտպանության ամրապնդման համար անհրաժեշտ է մեկ լրացուցիչ դեղաչափ:
Հարց 6. Ի՞նչ հետպատվաստումային անբարեհաջող դեպք կարող է առաջանալ այս պատվաստումից:
Պատասխան՝ սովորաբար այն օրգանիզմի կողմից շատ հեշտ տարվող պատվաստանյութ է, որևէ առողջական լուրջ խնդիր չի առաջացնում: Միակ ծանր ռեակցիան դա պատվաստանյութասոցացված պոլիոմիելիտն է, որի առաջացման հավանականությունը 2,4 մլն դեղաչափ ներմուծումից մեկ դեպք:

ԴԻՖԹԵՐԻԱ

08.06.2024

Արդյո՞ք այսօր անհրաժեշտ են դիֆթերիայի դեմ պատվաստումները, երբ այս հիվանդությունը հազվադեպ է հանդիպում…

Կարդալ ավելին

ԿԱՐՄՐՈՒԿ

08.06.2024

Յուրաքանչյուր ոք պատվաստման շուրջ երկմտելուց առաջ պետք է գիտակցի

Կարդալ ավելին