ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԸՆԴԼԱՅՆՎԵԼ Է ՄՊՎ-Ի ԴԵՄ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԻՔԱՅԻՆ ՇԵՄԸ

19.03.2019

          Հայաստանի Հանրապետությունում կանանց քաղցկեղային հիվանդությունների կառուցվածքում արգանդի պարանոցի քաղցկեղը երկրորդ տեղում է՝ կրծքագեղձի քաղցկեղից հետո։ ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային երկրներում Հայաստանն արգանդի պարանոցի քաղցկեղի հիվանդացության մակարդակով դասվում է բարձր հիվանդացություն և մահացություն ունեցող երկրների շարքում:
Արգանդի պարանոցի հիվանդացության բազմամյա վերլուծությունը ցույց է տալիս, որ 1980-ականների համեմատ հիվանդացությունն աճել է ավելի քան 1.5 անգամ. Հայաստանում տարեկան գրանցվում է միջինում 250 կյանքում առաջին անգամ ախտորոշված դեպք։
Մարդու պապիլոմավիրուսների կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը պատվաստումներն են։ ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութը զգալիորեն նվազեցնում է ՄՊՎ-ով վարակման ռիսկը:
2017 թվականի դեկտեմբերից ՄՊՎ-ի դեմ պատվաստումներն ընդգրկվել են Հայաստանի Հանրապետության Պատվաստումների ազգային օրացույցում և իրականացվում են 13 տարեկան աղջիկների շրջանում՝ 2 դեղաչափ սխեմայով, 6 ամիս ընդմիջումով:
Հաշվի առնելով ԱՄՆ-ի Պարենի և դեղամիջոցների գործակալության (FDA) դիրքորոշումը, ինչպես նաև Իմունականխարգելման հարցերով հանրապետական խորհրդատվական փորձագիտական հանձնաժողովի» առաջարկությունը՝ 2019 թ. փետրվարից ՄՊՎ-ի դեմ պատվաստումներն առաջարկվում են նաև 14-45 տարեկան անձանց:
Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունում բացի Պատվաստումների ազգային օրացույցում ընդգրկված պատվաստումներից, կատարվում են պատվաստումներ նաև համաճարակաբանական ցուցումներով: Համաճարակաբանական ցուցումով պատվաստումները կարող են կրել ինչպես զանգվածային, այնպես էլ անհատական բնույթ, երբ առկա է վարակիչ հիվանդության նկատմամբ բնակչության համապատասխան ռիսկի խումբ: Ինչ վերաբերում է ՄՊՎ-ի դեմ պատվաստումներին, հարկ է նշել, որ վերջինս 13 տարեկան անձանց շրջանում կրում է պլանային բնույթ և ընդգրկված է Պատվաստումների ազգային օրացույցում, իսկ ավելի բարձր տարիքային խմբերում առաջարկվող ՄՊՎ-ի դեմ պատվաստումներն իրականացվում են համաճարակաբանական ցուցումով՝ նպատակ ունենալով նաև ավելի բարձր տարիքի անձանց շրջանում՝ որպես ռիսկի խումբ, նվազեցնել վիրուսի շրջանառությունը:
Հիշեցնենք, որ մարդու պապիլոմավիրուսը (ՄՊՎ) լայնորեն տարածված է բնության մեջ և մարդկանց 80%-ը կյանքի ընթացքում վարակվում է այդ վիրուսով։ Վարակվելու ռիսկին հավասարապես ենթարկվում են ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ։ ՄՊՎ-ն տարածվում է սեռական օրգանների, լորձաթաղանթների կամ մարդու կենսաբանական հեղուկների հետ շփման միջոցով: Հնարավոր է նաև վիրուսի փոխանցում պտղին մորից՝ ծննդաբերության ժամանակ՝ բերելով բկանցքի, շնչափողի, բրոնխների պապիլոմատոզի զարգացման։
Վիրուսն ախտահարում է էպիթելային բջիջները: ՄՊՎ վարակների մեծ մասն (70-90%) ընթանում է անախտանիշ և 1-2 տարում վարակվածներն ինքնաբերաբար առողջանում են:
Եթե ՄՊՎ վիրուսը չի հայտնաբերվել և պատշաճ կերպով չի բուժվել, բարձր ռիսկային տեսակների դեպքում վարակը կարող է առաջացնել ինվազիվ քաղցկեղ:

ԴԻՖԹԵՐԻԱ

08.06.2024

Արդյո՞ք այսօր անհրաժեշտ են դիֆթերիայի դեմ պատվաստումները, երբ այս հիվանդությունը հազվադեպ է հանդիպում…

Կարդալ ավելին

ԿԱՐՄՐՈՒԿ

08.06.2024

Յուրաքանչյուր ոք պատվաստման շուրջ երկմտելուց առաջ պետք է գիտակցի

Կարդալ ավելին